Լրահոս

2022-10-24
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կեղծ են համարում ՌԴ-ի մեղադրանքները Ուկրաինայի կողմից կեղտոտ ռումբ կիրառելու մտադրության մասին
    Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարություն են տարածել վերահաստատելով իրենց աջակցությունը Ուկրանիայի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կշարունակեն իր տարածքը պաշտպանելու Ուկրաինայի ջանքերին այնքան, որքան դրա կարիքը լինի: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Երեք երկրների կառավարությունները կեղծ են որակել ՌԴ-ի մեղադրանքները, թե Ուկրաինան պատրաստվում է կեղտոտ ռումբ կիրառել իր իսկ տարածքում: Նշվում է, որ աշխարհը կուսումնասիրի այս մեղադրանքը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու ցանկացած փորձ: «Մենք մերժում ենք Ռուսաստանի կողմից ցանկացած պատրվակ էսկալացիայի համար»,- ասված է հայտարարության մեջ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները նշել են, որ վճռական են տրամադրված անվտանգության ապահովման, տնտեսական և հումանիտար հարցերում Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին աջակցությունը շարունակելու հարցում:
    11:57
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք. Ֆինանսների փոխնախարար
    Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև պետական պարտքին՝ նշելով, որ դրամային արտահայտությամբ պարտքը նվազելու է, պարտքի 70 տոկոսն արտարժույթով է, իսկ դրամն արժևորվել է: «Եթե 2022-ի բյուջեն պլանավորելիս նախատեսում էինք ունենալ 4 տրլն 740 մլրդ դրամ պարտք, ապա 2023-ի ավարտին պլանավորում ենք ունենալ 4 տրլն 627 մլրդ դրամ պարտք»,-նշել է Հովհաննիսյանը: Նա նշել է՝ դա չի նշանակում, որ նոր պարտքային միջոցներ չեն ներգրավվելու: «Բնականաբար, մենք նոր պարտքային միջոցներ ներգրավելու ենք, քանի որ բազմաթիվ ծրագրեր ունենք՝ այդ թվում ենթակառուցվածքային, որոնք իրականացվում են արտաքին ֆինանսավորմամբ՝ այսինքն վարկային միջոցներով: Մենք նաև քաղաքականությունների բարելավման ուղղությամբ բյուջետային աջակցության վարկային ծրագրեր ենք իրականացնում: Եվ բնականաբար նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք»,-եզրափակել էփոխնախարարը:
    11:52
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովը և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թախան, որը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով, բանակցություններ կանցկացնեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ-ն: «Հոկտեմբերի 23-26-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվելու Է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թախան: Հոկտեմբերի 24-ին տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հետ»,-ասվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Սմոլենսկի հրապարակում նշել են, որ կողմերը կքննարկեն Ռուսաստանի եւ ԻՀԿ-ի միջեւ երկկողմ փոխգործակցության տարբեր տեսակետներ, ներառյալ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, ֆինանսների, գիտության եւ կրթության բնագավառում, հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը»: «Կքննարկվեն Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում գտնվող ԻՀԿ-ի անդամ պետություններում հակամարտության կարգավորման միջազգային աջակցության հնարավորությունները: Բանակցությունների օրակարգում ԻՀԿ-ի համար առաջնահերթ Է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների պրոբլեմատիկան, հավելել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    11:50
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Այցի շրջանակում նախատեսվում են Հասանովի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն Թուրքիայում Saha Expo ցուցահանդեսին։
    11:50
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. այն կարճատև կլինի
    Վաղը մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգը կհաստատվի այսօր՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ։ Armlur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, ինչը ենթադրում է, որ այն կարճատև է լինելու եւ իշխանական խմբակցությունը՝ առանց ընդդիմադիրների, արագ կսպառի օրակարգը։ Արդեն նստաշրջանի երկրորդ օրը՝ չորեքշաբթի, խորհրդարան կգան կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին։
    11:42
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երկիր մոլորակի բնակիչները նոյեմբերի 8-ին Լուսնի լրիվ խավարման ականատես կդառնան
    Լուսնի լրիվ խավարում տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Այն իր ողջ գեղեցկությամբ կտեսնեն Ռուսաստանի արեւելյան մասի բնակիչները։ Այս մասին նշել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունում։ Նոյեմբերի 8-ին տեղի կունենա Լուսնի լրիվ խավարում՝ առավելագույն փուլով (1,36), Մոսկվայի ժամանակով ժամը 13.59-ին, եւ կտեւի մոտ 6 ժամ։ Նշվել է, որ լրիվ փուլը տեւելու է ավելի քան մեկ ժամ։ Փորձագետները նաեւ նշել են, որ խավարումն ամբողջովին երեւալու է Ռուսաստանի արեւելքում, Խաղաղ օվկիանոսի ջրավազանում, Հյուսիսային Ամերիկայի արեւմուտքում եւ Գրենլանդիայի հյուսիսում։ Լուսնի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը մտնում է Երկրի ստվերի կոնի մեջ։ Երկրի ստվերի բծի տրամագիծը 363 000 կիլոմետր հեռավորությամբ (Երկրից Լուսնի նվազագույն հեռավորությունը) կազմում է Լուսնի տրամագծի մոտ 2,6-ը, ուստի Լուսինը կարող է ստվերվել լրիվ։ Խավարման յուրաքանչյուր պահի Երկրի ստվերով Լուսնի սկավառակի ծածկվելու աստիճանն արտահայտվում է խավարման փուլով։ Φ փուլի մեծությունը որոշվում է θ հեռավորությամբ՝ մինչեւ ստվերի կենտրոնը Լուսնի կենտրոնից հեռավորությամբ։ Աստղագիտական օրացույցներում Φ եւ θ մեծությունները նշվում են խավարման տարբեր փուլերի համար։ Երբ Լուսինը խավարման ժամանակ լիովին ծածկվում է Երկրի ստվերով, դա նշանակում է Լուսնի լրիվ խավարում, երբ դա տեղի է ունենում մասամբ՝ խոսում են մասամբ խավարման մասին։ Երբ Լուսինը մտնում է Երկրի միայն կիսաստվերի մեջ, խոսում են մասնավոր կիսաստվերային խավարման մասին։ Լուսնի խավարման անհրաժեշտ պայմաններ են լիալուսինը եւ Լուսնի մոտ լինելն իր ուղեծրի հանգույցին (այսինքն՝ այն կետին, որտեղ Լուսնի ուղեծիրը հատում է էկլիպտիկայի՝ խավարածրի հարթությունը). Լուսնի խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ միաժամանակ առկա են այս երկու պայմանները։
    11:35
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինն ամսում պետբյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտ. ՊԵԿ
    2022 թվականի 9 ամսում պետական բյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկային եկամուտների հավաքման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8 %-ով: Հարկային եկամուտները 2022 թ․ առաջին 9 ամսում շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2 %-ով գերազանցել են 2021 թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է, ընդ որում՝ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 39․7 մլրդ դրամով կամ 30 %-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից. ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 21․6 մլրդ դրամով կամ 35 %-ով։ 2022 թ․ 9 ամսում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8 %-ը։
    11:27
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում․ Դավիթ Գիշյանի քույրը պարզաբանում է
    Սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից ռազմական ոտնձգության հետևանքով զոհված Դավիթ Գիշյանի քույրը՝ Մարիա Գիշյանը եղբոր մահվան հանգամանքների մասին որոշ մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ եղբոր մահվան մասին շրջանառվող տեղեկությունը հաճախ չի համախատասխանում իրականությանը։ Ձեզ ենք ներկայացնում նրա պարզաբանումը՝ առանց խմբագրման․ «Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ: Իմ եղբայրը ժամեր շարունակ կռիվ է տվել, առավոտյան կողմ երբ վիճակը արդեն անելանելի է եղել՝ խումբը նահանջել է: Նկատելով, որ ընկերը չկա՝ եղբայրս զինվել է և միայնակ ետ բարձրաձել դիրք ընկերոջը գտնելու համար, այդ ժամանակ ազերիները արդեն եղել են մի քանի մետրի վրա: Որից հետո Դավիթը ծանր վիրավորում է ստացել և գերևարվել: Եղբայրս գիտակցված ձևով գնացել է այդ քայլին, անձնազոհաբար փորձել է օգնել ուրիշին, որի արդյունքում էլ արնաքամ է եղել թշնամու ձեռքին և մահացել: Տվյալ դիրքից զոհվել են միայն եղբայրս և այն տղան, ում համար Դավիթը հետ էր գնացել: Տվյալ դիրքից մնացածները ողջ են, որի համար ես շատ ուրախ եմ, այս ցավը թող ոչ ոք չտեսնի և չզգա: Եղբայրս վերջին ամիսներին միշտ նույն դիրքում է եղել, տեղանքը արտակարգ լավ գիտեր, ինձ հաճախ էր պատմում: Որևէ մեկը երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը՝ «կռիվ տված, իր փրկության հնարավորությունը անտեսած, ընկերոջը օգնելու համար թշնամուն միայնակ դեմ հանդիման գնացող և դրա արդյունքում գերևարված Դավիթ Գիշյանը»: Դավիթ Գիշյանը, ում արյան ոչ մի կաթիլը չարժե այս հայրենիքը: Եղբայրս, ով վերջին 9 ամսում դիրքերից գրեթե չէր իջել, անձրևի, ձյան, արևի տակ դիրքում, գիշերվա ամենամութ ու ամենավտանգավոր ժամերին զենքը ձեռքին արթուն կանգնած էր: «Հերոս զինվոր», «Հավերժ փառք» և նմանատիպ դատարկ քոմենտներ խնդրում եմ չթողնել, քանի որ այս երկրում այդ «հավերժը» զինվորի մահից հետո մի քանի օր է և մեկ-մեկ էլ կերուխումներին, երբ սնվելուց առաջ կհիշեն մի բաժակ բարձրացնել հերոս զինվորների համար և 2 րոպե հետո չեն հապաղի իրենց պարահրապարակ նետել թուրքական կլկլոցների ներքո: Քանի որ ոչ մի կերպ արդարացված չէ քո «չլինելը» և մնացածի «լինելը»: Քանի որ միշտ իմացել եմ, որ ոչ մի հայրենիք արժանի չէ 18 տարեկանի արյանը: Երկիրը այդպես չեն պահում: Այո, հավերժ փառք իմ 19-ամյա, գեղեցիկ, բացառիկ, ազնիվ, մեծ սրտով, խելացի եղբորը, և մեր մյուս եղբայրներին: Բայց այդ հավերժ փառքին իրենք չեն արժանանալու դատարկ խոսքերի և մեկնաբանությունների արդյունքում: Եվ այո, ես անչափ մեղավոր եմ, որ շատ բան չարեցի իմ փոքր եղբորը այդ չարիքից հեռու պահելու համար: Դու լույս էիր, անգամ մահվան մեջ ավելի լուսավոր և գեղեցիկ ես քան մենք՝ «ապրողներս»: Ծեծված «հայրենիքի համար կյանքը տված զինվոր» բնորոշումը շատ փոքր և ճղճիմ է քո համար, այդ «զինվոր» կոչումը փորձեց ստվերել քո անհատականությունը, բայց դու միշտ էլ հազարավոր անգամներ ավելին ես եղել դրանից: Ափսոս, որ այդքան պատվով էիր և մի փոքր եսասեր չեղար: Փառք քեզ»: Հավելենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը հայտնել է, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից։ Նրա մարմինը եղել է սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից վերադարձված 32 զինծառայողների մարմինների շարքում:
    11:20
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ամենևին էլ «միջանցքը» չէ․ Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։ Ի՞նչ է աղետը Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար աղետ է. - Արցախը հոշոտման հանձնելը - Նոր պատերազմը - Հայաստանի տարածքների օկուպացիան Գուցե այլոք այլ տարբերակներ կնշեն՝ ավելի հայրենասիրական ձևակերպումներով, բայց կա իրականություն, որից չես փախչի։ Այս կետերից ցանկացածը աղետ է, հետևաբար՝ աղետ կանխելը այս պահին, այսօրվա աշխարհում նշանակում է՝ թույլ չտալ կետերից որևէ մեկի՝ իրականություն դառնալը։ Դա հնարավոր է։ Եվ եթե մեր պետական մտածողությունն այս ալգորիթմի մեջ լինի, մենք կխուսափենք դրանից։ Չքաղաքականացնե՞լ Օվերչուկին Մի հրեշավոր անտեսանելի ձեռք հայ ժողովրդի թիվ 1 խնդիրը սարքեց կոմունիկացիաների ապաշրջափակման կամ «միջանցքի» գաղափարը։ Կարծես՝ վերը նշված երեք սպառնալիքները վերացել էին, ու հիմա ազգային պայքարը միայն սրա շուրջ է։ Իրականում սա չափազանց վտանգավոր ծուղակ է, որ կարող է տանել դեպի վերը նշված աղետ-սցենարները։ Պետական մտածողությունից զուրկ հայ հասարակությունը, նրա՝ անգամ կրթված շերտերը հեշտությամբ տրվում են սրան։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարում է. «Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձակալություն ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ: Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժն Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի և հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի շուկաներ»։ Մեզ պարզ առաջարկվում է, առանց ճանապարհների ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու, գնալ լուծումների, որոնք կբերեն տնտեսական շահ և գրեթե երաշխավորված դեէսկալացիա տարածաշրջանում։ Իշխանությունը սրան արձագանքեց ՀԺ-ում հերթական կեղծանունով հոդվածով։ Ասել է թե՝ իշխանությունը, հայրենասերի վեղարը հագնելով, վերահայտարարում է ՄԵԿ հոգու նոր կոնցեպտը՝ «ոչ մի միջանցք, բայց դե Արցախի կորուստը, նոր պատերազմը, և ՀՀ տարածքների օկուպացիան ավելի քան ռեալ են. դա կանխելու լուծումներ չունենք»։ Չքաղաքականացնե՞լ ընդդիմությունը ՄԵԿ հոգու իշխանության անոմալիան դեպի աղետ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հենց այս մեխանի´զմը պետք է խափանի ընդդիմությունը։ Օվերչուկի հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է. - Օգտագործելով իր զգալի մեդիա ռեսուրսը՝ խոսել ժողովրդի հետ, բացատրել ռիսկերը, բացատրել աղետի՝ իրական լինելը, քննարկել Օվերչուկի ասածը։ - ԱԺ-ում իշխանությանը պատին դեմ տալով՝ պահանջել բացատրություններ՝ ՄԵԿ հոգուց, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից և արտգործանախարարից, պահանջել և ստանալ լրացուցիչ պարզաբանումներ։ Եթե Օվերչուկը ասում է ողջ ճշմարտությունը, ապա բացվում է բանակցելու և դեէսկալացիայի լավ տարբերակ, եթե Օվերչուկը չի ասում ողջ ճշմարտությունը, ապա պետք է հասկանալ, թե հատկապես ի´նչը չի ասում, և բանակցել այդ ուղղությամբ։ Եթե Օվերչուկը ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ մենք չենք գնում այդ ուղղությամբ և ի՞նչ ենք էլ անում Պրահայում, իսկ եթե ճիշտ չի ասում, ապա հրապարակային ինչո՞ւ չի պատասխանում պաշտոնական Երևանը։ - Դրանից հետո խոսել ժողովրդի հետ և ձևակերպել ընդդիմության հստակ տեսակետը՝ տարածաշրջանային դեէսկալացիայի, աղետից խուսափելու հնարավոր ճանապարհների շուրջ։ Ինչո՞ւ սա չի արվում, ինչու՞ է ընդդիմությունն ինքն իր համար որոշել «չքաղաքականացվել»։ Մեր վիճակի դիպուկ գնահատական էր տվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը. «Միջազգային ավանտյուրիզմ. Հայաստանը Մոսկվայի և Վաշինգտոնի արանքում մատաղացու գառ սարքելը հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև՝ միջազգային ավանտյուրիզմ»։ Ինստիտուցիոնալ ընդդիմության նպատակը պետք է լինի սա խափանելը, ՄԵԿ հոգու՝ անարգել ճակատագրական որոշումներ կայացնելու մեխանիզմը խափանելը, ժողովրդին այլընտրանքային հստակ տարբերակ ներկայացնելը՝ այնպիսին, որ ընկալելի կլինի միջազգային հանրության համար։ Ժողովուրդը չի հասկանում, որ մենք ոչ միայն վերը նշված՝ աղետի երեք կետերից մեկի իրականացմանն ենք մոտ, այլև՝ բոլոր երեքի միաժամանակ։ Հայ ժողովուրդը մոլորվել է Տոյվո Կլաարի, սկանդինավյան խաղաղապահների, Մակրոնի հայտարարությունների և մյուս կողմից՝ Ալիևի ու Էրդողանի հայտարարությունների միջև։ ՄԵԿ հոգու կամքով մարդիկ սկսել են «ռուսերեն չհասկանալ», պարսկերենը՝ հատվածաբար։ Նիկոլը ժամանակին մի ամբողջական տեսություն էր զարգացրել «Եվրոյոնջաների և եվրովնգստացողների» մասին։ Հիմա անում է դրա լրիվ հակառակը։ Հայաստանը պետք է դուրս հանել գերտերությունների բախման էպիկենտրոնից. սա մեր օրվա հրամայականն է, մեր ազգային անվտանգության լրջագույն խնդիրը։ Հայաստանը դարձել է գերտերությունների հատուկ ծառայությունների վերնիսաժ։ Աննորմալություն է՝ սահմաններին միաժամանակ ունենալ եվրոպական դիտորդներ ու ռուսական բազա, կյանքի ճանապարհդ ապահովեն ռուսական խաղաղապահները, իսկ երկրի ներսում գեներացվի հակառուսական արշավ։ Այսպես որ գնա, վաղը կարող է իսրայելական դիտորդներ բերենք հայ-իրանական սահման, իսկ Գյումրիում տեղակայենք ամերիկյան մոնիտորինգային խումբ։ Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում»։
    11:15
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտասի պողոտայում
    Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.36-ին, Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու: Նա մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։
    11:12
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    6 օձ է հայտնաբերվել հանրապետության տարբեր տարածքներում
    Հոկտեմբերի 19-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 2 շահմար, 2 սահնօձ, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:05
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
    Հայաստանի ազատ ոճի հավաքականն ավարտեց ելույթները Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։ Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին: Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ մոտ էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշվով զիջել է մոլդովացի Վասիլ Դիակոնին։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Վազգեն Թևանյանը (57 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:
    10:57
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի::
    10:50
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են ЗИЛ-ն ու «06»-ը․ կա վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ Հայկ Ի․-ի վարած ЗИЛ մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ստեփան Դ․-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/24/1225021/
    10:42
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարի թաղ տանող ճանապարհին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը
    Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 00։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Opel Аstra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
    10:39
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բորիս Ջոնսոնը չի առաջադրի իր թեկնածությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում
    Բեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Mail-ը: Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այդ պարագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտը երկրի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է: Metro պարբերականը գրել է, որ Ռիշի Սունակը հաղթող կճանաչվի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում, եթե Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտին չհաջողվի ժամերի ընթացքում ստանալ Պահպանողական կուսակցության ևս 75 պատգամավորի աջակցությունը:
    10:35
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականի բոլոր անդամները հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի միջազգային մրցաշարում
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Սլովենիայում ընթացող միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արծաթե գոտի» անվանումը կրող մրցաշարի մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել։ Ընդ որում, բոլոր մենամարտերում հայ մարզիկներին բաժին էր հասել ֆրանսիացի մրցակից։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ջամիլ Դինին։ Հոկտեմբերի 24-ին մրցաշարում հանգստյան օր է։
    10:27
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները եղել են Սյունիքում
    Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և ուրիշներ։ Մարզպետարանի հաղորդմամբ, միջազգային փորձագետներին ամենայն մանրամասնությամբ` զեկույցներով, ֆոտո և վիդեո փաստերով ներկայացվել են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները մարզի տուժած բնակավայրերի սահմաններին ու բնակիչների համար, ինչպես նաև այն խնդիրները, որ առաջացել են այդ վայրերում առկա հատուկ պահպանվող տարածքներում և արգելավայրերում։ Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է իրավիճակը սահմանին։ Մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե բնակչության համար կենսական նշանակության ինչպիսի օբյեկտներ են նշանառության տակ վերցվել՝ շեշտելով, որ ի հեճուկս միջազգային հանրության հորդորների՝ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվում, որի հետևանքով խախտվում են մարդկանց ազատ տեղաշարժի, խաղաղ ապրելու իրավունքները․ թիրախում են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել խաղաղ բնակիչներ, հրետակոծության ենթարկվել քաղաքացիական և շտապօգնության մեքենաներ․․․ Միջազգային փորձագետները հետաքրքվել են սահմանամերձ բնակավայրերին վերաբերող անվտանգային մի շարք հարցերով, այդ թվում՝ Կապանի օդանավակայանի գործունեությանն առնչվող խոչընդոտներով։ Մարզային իշխանության ուղղորդմամբ ԵԱՀԿ ներկայացուցիչները մեկնել են Շիկահող գյուղ, որտեղ հանդիպել բնակիչներին, արձանագրել թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բնակվող մարդկանց կարիքներն ու խախտված իրավունքները։ Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հույս է հայտնել, որ այս փաստերը կընդգրկվեն միջազգային փորձագետների զեկույցներում, և առաքելության անդամների գործունեությունը դեր կխաղա նոր հավանական ագրեսիաների կանխարգելման ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
    10:20
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Ալիևը դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն․ Ведомости
    «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն։ Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ 
    10:17
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի Գայի պողոտայում մեքենաներ են բախվել
    Հոկտեմբերի 23-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz G500» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1969 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Lada Priora» ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
    10:16
    24.10.22
    Ավելին