Լրահոս

2023-01-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան
    Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Նորից ու նորից կրկնեմ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ։ Ձեր անգործության և անինքնավստահության մեղքերը մի բարդեք այլ երկրների վրա։Համախմբվեք, հաստատակամություն ցուցաբերեք և ճանաչեք Արցախի անկախությունը, ապա միավորվեք։ Միայն այդ դեպքում և միջազգային իրավունքը և գուցե Ֆրանսիան կլինեն ձեր կողքին։ Հիշեք Շառլ դը Գոլի խոսքերը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։ Այսօր, իմ տպավորությամբ, միայն Արցախի ժողովուրդն է հաստատակամ և եթե արցախցիները շարունակեն իրենց համառ պայքարը, անկասկած հաջողության կհասնեն։ Բայց ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության , նաև ժողովրդի կեցվածքը։Ես այլ նման պետություն չգիտեմ, որ իր հայրենակիցներին թողնի բախտի քմահաճույքին, ցեղասպանության վտանգի տակ։ Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն։ Ինձ զարմացրեցին նաև Հայաստանի պաշտոնյաների ուրախ, ժպտերես դեմքերը, կարծես ամեն ինչ հիասքանչ է, չկա շրջափակված Արցախ, հայ գերիներ։ Ի՞նչ ասեմ․․․»
    20:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ թարմացված արտահերթ զեկույց
    Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։ Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էթնիկ զտման շարունակական նշաններին, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, «Էկո-ակտիվիստների» ակցիայի կեղծ էությունը հիմնավորող նոր տվյալներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հետ ճանապարհը ապօրինաբար փակած անձանց անմիջական կապերին: Զեկույցում անդրադարձել են նաև բնակչության ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման իրավունքներին, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումներին։ Զեկույցի տարբեր բաժիններում իրավունքների խախտումները վերլուծվել են ըստ միջազգային մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի սկզբունքների ու նորմերի։ Պաշտպանների հետևությունն է, որ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն անհրաժեշտ է ի թիվս այլնի, էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռուն գնացող քայլերը կանխարգելելու համար։ Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին։
    20:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում
    Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին Վանաձոր քաղաքի Հյուսիսային փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 34-ամյա Սահակ Մ.-ն, որը ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:30
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Իշխան Սաղաթելյան
    Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այն իշխանությունը, որը մեզ հայրենիքից է զրկել, հինգ հազար հայ մարդու կյանքից է զրկել, պարզ է, որ կփորձի նաև մանդատներից զրկել, բայց դա երկրորդական է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ իշխող ուժը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց։ Իշխանությունների թիրախում, սակայն, առավելապես Իշխան Սաղաթելյանն է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են պատգամավորական մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին։ ԱԺ խորհրդի նիստը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու օրակարգով նախատեսված էր այսօր, սակայն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել Խորհրդի նիստին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ են ցանկացած սցենարի, մտածել են հավանական ելքերի մասին, ունեն մշակած համապատասխան, համարժեք քայլեր։ «Մեկ անգամ ևս վստահեցնում եմ քաղաքացիներին՝ մանդատով, թե առանց մանդատի՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու գործընթացին զուգահեռ՝ իշխանությունները հետապնդումներ են իրականացնում դաշնակցական գործիչների նկատմամբ։ Հունվարի 11-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, ընդ որում, վեց ամիս առաջ հարուցված գործի շրջանակներում։ Դաշնակցական երեք գործիչ ձերբակալված է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի տանը՝ երկու անգամ, նրա փաստաբանը գտնում է, որ թիրախավորված է ՀՅԴ ԳՄ ղեկավարությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ հանրահայտ իրողություն է և փաստ, որ օրվա իշխանության կողմից, մասնավորապես, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվել է հետապնդումների, ապօրինությունների, բռնաճնշումների նոր շրջափուլ։ «Այս երևույթները նոր չեն, բայց ակնհայտ է, որ վերջին օրերին մեծ ծավալի գործողությունների են անցել։ Դատախազությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց ԳՄ անդամ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով, գործը դատարան են ուղարկել, արդեն քանի օր է՝ խուզարկում են դաշնակցական մեր մարզային կառույցների ընկերների բնակարանները, երեք հոգու քիչ անց դատարան են տանելու ՝ կալանքի, քիչ առաջ ԳՄ նախագահի տունն էին խուզարկում, այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ գործողություններ են սկսել։ Դրա պատճառը շատ հայտնի է։ Դաշնակցությունն, իբրև ազգային ուժ, լուրջ խոչընդոտ է Նիկոլ Փաշինյան-Էրդողան-Ալիև պայմանավորվածություններին և հայտնի է, որ առնվազն Դաշնակցության պարագայում այդ պայքարը բոլոր ձևերով շարունակվելու է։ Հավանաբար, իրենց կարճ խելքով հույս ունեն, որ այս քայլերով կկարողանան ընկճել կամ պայքարից հետ պահել, բայց անիմաստ է, Դաշնակցությանը ճանաչողը գիտի, որ մեր վախը վաղուց են բռնել, նման բաները չեն ազդում»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։
    20:27
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, խոսեք, մի լռեք»․ Անդրե
    Երգիչ Անդրեն ֆեսյբուքյան իր էջում հանրությանը հայտնի անձանց կոչ է արել բարձրաձայնել Արցախի խնդրի մասին․ «Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան, Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ, խոսեք, մի լռեք: Սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-սոցցանցի իր էջում գրել է Անդրեն:
    20:25
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն՝ Արգավանդում․ մարմնական ծանր վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
    Հունվարի 8-ին, ժամը 00.45-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխի սալջարդով և ծնոտի պատռվածքով բուժօգնության է դիմել Արգավանդ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, բուժօգնության դիմած տղամարդն ու 25-ամյա համագյուղացին կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը բռունցքներով խփել էր 44-ամյա տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Հունվարի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը արգավանդցի 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
    20:20
    13.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Վեց քույրերի մենությունը. մոր հետդարձի ճանապարհը ադրբեջանցիները փակել են
    Մեկ ամիս է՝ առանց մոր են ապրում Մարգարյան ընտանիքի 6 անչափահաս աղջիկները, որ 44-օրյա պատերազմում իրենց տան միակ տղամարդուն՝ եղբորն են կորցրել: Պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված ու Հայաստանում՝ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հաստատված ընտանիքի մայրը բլոկադայի նախորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, Արցախ էր գնացել՝ տան թղթաբանության հարցերով: Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահն է երեխաների ամանորյա ցանկություններն իրականացել: Մեկ երազանք է անկատար մնացել:
    20:10
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դա իմ կարիերայի ամենակարևոր տիտղոսն էր․ Ռոնալդու
    Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ում տարած հաղթանակն անվանել է իր կարիերայի ամենակարևոր տիտղոսը։ Եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր Ֆրանսիային (1:0) և պատմության մեջ առաջին անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։ Ռոնալդուն, որը վնասվածքի պատճառով փոխարինվեց եզրափակիչ խաղում երեք գոլ էր խփել մրցաշարում։ «Դա իմ կարիերայի ամենակարևոր տիտղոսն էր։ Քո երկրի համար տիտղոս նվաճելը շատ կարևոր է։ Այդպիսի պահերին ես մեծանում, երբ ունես ընտանիք, ընկերներ: Դուք աճում եք որպես խաղացող, որպես տղամարդ, որպես հայր: Դա այնքան հիանալի էր»,- ասել է «Ալ-Նասրի» հարձակվողը Livescore-ին տված հարցազրույցում։
    20:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մասնագետները գնահատել են COVID-19-ի «կրակեն» շտամի վտանգավորության աստիճանը
    Կորոնավիրուսի «կրակեն» նոր ենթատեսակը, ամենայն հավանականությամբ, կկարողանա հաղթահարել ինչպես պատվաստանյութերի կողմից ստեղծված իմունային պաշտպանությունը, այնպես էլ նախորդ շտամներով հիվանդացած անձանց ձեռք բերած իմունիտետը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РБК պարբերականին։ Պոպովան միևնույն ժամանակ նշել է, որ ըստ արտերկրից ստացված տվյալների՝ վիրուսի նոր տարբերակն ավելի ծանր կամ մահացու չԷ։ «Առայժմ մենք կենտրոնանում ենք այն երկրների գիտնականների, հետազոտողների, բժիշկների տվյալների վրա, որտեղ այս վիրուսն ամենաարագն է զարգանում։ Եվ այդ տվյալները խոսում են այն մասին, որ այս մուտացիան էական ազդեցություն չի ունեցել կլինիկական դրսևորումների վրա։ Այսինքն՝ այն ավելի ծանր կամ ավելի մահացու չի դարձել», - հստակեցրել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը։ Պոպովայի հայտարարությունից հետո РБК պարբերականը հարցազրույց է վարել մի քանի այլ մասնագետների հետ: Կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բարանովան համարում է, որ ,կրակենիցե ավելի շատ պաշտպանված են այն մարդիկ, ովքեր հիվանդացել են «օմիկրոն N2» ենթատեսակով, քանի որ «կրակենն» ավելի մոտ է վիրուսի այդ տեսակին: Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայայի՝ ,կրակեննե առաջացել է ,օմիկրոնիե երկու ենթատեսակների միակցությունից, այդ պատճառով հակամարմինները կարող են չազդել դրա վրա: Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, կորոնավիրուսի նախկին տարբերակներով հիվանդացածների մոտ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը փոքր է: Ռուսաստանում «կրակենով» վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Պենզայում՝ COVID-19-ով հիվանդացած կնոջ մոտ։ Ինչպես հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ը, նա հիվանդացել է 2022 թ.-ի դեկտեմբերի 27-ին և արդեն ապաքինվել է։ Կինը պատվաստում չի ստացել, հիվանդությունն անցել է թեթև ձևով։ 2023 թ. հունվարի 12-ին գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանը չի նախատեսում սահմանափակումներ մտցնել՝ կապված «կրակենով» վարակման առաջին դեպքի հայտնաբերման հետ։ Ի դեպ, Ֆինլանդիայի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի «կրակեն» շտամով վարակման առաջին դեպքը: «Ֆինլանդիայում «օմիկրոն» շտամի նոր տարատեսակի հայտնաբերումն սպասելի Էր», - ասել Է գերատեսչության գլխավոր մասնագետ Կարիտա Սավոլայնեն-Կոպրան: Նա իր հերթին նշել Է, որ ներկայում հայտնի չէ՝ արդյոք այն ավելի լուրջ հիվանդություն է առաջացնում, քան «օմիկրոն»-ի մյուս տարատեսակները։ Սավոլայնեն-Կոպրան ասել Է, որ պատվաստումը պահպանում Է իր բարձր արդյունավետությունը՝ անկախ վիրուսի տարատեսակներից։
    19:50
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ամբողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է
    Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։ Հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։ Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները։
    19:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ի կողմից ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք հրամաններով, արձակված կարգադրություններով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել հիշյալ կանոնադրություններով և հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները։ Այդ պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն։ Դա հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է՝ կրելով զոհեր և վիրավորներ, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: 2022 թվականի հուլիսի 28-ին Ս.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն) և որպես խափանման միջոց կիրառված էր կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերահսկում է Սոլեդարը, Ուկրաինան պնդում է, որ մարտերը շարունակվում են
    Ռուսաստանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սոլեդար քաղաքը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունները շարունակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցի ընթացքում: «Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել Արտյոմովսկ քաղաքից հարավ-արևմուտք տեղակայված ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, այնուհետև արգելափակել և շրջապատել այնտեղ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները», - ասել է Կոնաշենկովը: Նա հավելել է, որ Սոլեդարը գրավել հնարավոր է եղել ռուսական ուժերի գրոհային և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հակառակորդին մշտական կրակային հարվածներ հասցնելու շնորհիվ: Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հաստատել Սոլեդարի գրավման մասին տեղեկությունները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականին հայտնել էր, որ Սոլեդարում և Բախմուտում իրավիճակը չափազանց ծանր է: «Արդեն մի քանի ամիս մարտեր են ընթանում, սակայն մեր մարտիկներին հաջողվում է պահել դիրքերը», - ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմը հսկայական կորուստներ ունի այնտեղ: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն իր Telegram-ալիքում այսօր առավոտյան հայտնել էր, որ Սոլեդարում «գիշերը թեժ է եղել, մարտերը շարունակվում են»: Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չրևատին իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գերակշռում են, սակայն ուկրաինացի զինվորականները մարտնչում են հենց քաղաքի ներսում: Սոլեդար քաղաքը հայտնի է իր աղի հանքերով, որի պաշարները գրեթե անսպառ են:
    19:30
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները պարզաբանումներ են տվել հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ
    Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում: Նշվել է, որ շարունակվում են տեխնիկական աշխատանքները Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձը հնարավոր դարձնելու մասին որոշման կյանքի կոչման համար։ Նշյալ աշխատանքների շրջանակում թուրք և հայաստանցի պաշտոնյաները միասին հորատման եղանակով նմուշ են վերցրել Ալիջանի/Մարգարա սահմանային անցակետում գտնվող կամրջից և նշել, որ երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի գործընթացը հստակություն ձեռք կբերի՝ կախված կամրջի վիճակից։ Հաղորդվել է, որ հաջորդող գործընթացի շրջանակում իրականացվելիք հանդիպումներում կարող են քննարկվել որոշ այլ թեմաներ՝ այդ թվում երկու երկրների միջև փոխադարձ առևտուր սկսելու հարցը։ Նշելով, որ հուլիսի 1-ին Վիեննայում իրականացված չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև տեխնիկական մակարդակում երկու առանձին հանդիպում է իրականացվել՝ աղբյուրները հայտնել են, որ թեև նախորդ ամիսների համեմատությամբ թափը դանդաղել է, երկու երկրների միջև գործընթացը չի կանգնել, և այժմ Անկարայի և Երևանի միջև տեխնիկական հարցեր են քննարկվում։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները պնդել են, որ տարածաշրջանին դրսից միջամտությունները տարածաշրջանում տարվող բոլոր գործընթացների վրա բացասաբար կարող են ազդել: Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով առևտրի վերամեկնարկի հնարավորությանը՝ աղբյուրներն ասել են, որ 1993-ին Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան 160 հազար տոննա առևտրային արտադրանք է շրջանառվել, և եթե երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհը վերաբացվի, դա կարող է կրկնապատկվելով աճել։ Աղբյուրները հայտնել են, որ կարգավորման հանդիպումներից հինգերորդի համար դեռևս ամսաթիվ չկա, դա իրականացնելու համար փոխադարձ որոշ քայլեր պետք է արվեն, նշել, որ այսուհետ կայանալիք հանդիպումները լինելու են կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։ Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև փետրվարի 2-ին սկսված ուղիղ թռիչքներին՝ դիվանագիտական աղբյուրներն ասել են հետևյալը․ «Փոխադարձ թռիչքները բավականին լավ են ընթանում։ Մարդկանց միջև շփում է սկսվել։ Մարդիկ հանգիստ կարողանում են գնալ-գալ։ Գործընթացում եղել են բաներ, որոնք աչքով տեսանելի չեն։ Թուրք քաղաքացին վիզայի համար Թբիլիսիի միջոցով էր դիմում, քանի որ Հայաստանին հասանելիություն չկար։ Հիմա ինտերնետային կապ է հաստատվել, նախկինում հնարավորություն չկար ինտերնետի միջոցով կապ հաստատել Հայաստանի հետ։ Հայաստանի ինտերնետը ողջ Թուրքիայի համար փակ էր։ Արդեն բացվել է։ Հյուպատոսական գործերը ծայրաստիճան լավ են ընթանում։ Աչքի համար չերևացող որոշ մարդասիրական քայլեր էլ են արվում»։ Աղբյուրները նշել են նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև իրականացվող հանդիպումների արդյունքում ուղիղ ավիաբեռնափոխադրումների առջև եղած խոչընդոտների վերացումը ևս երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին կարևոր նպաստ է բերելու։
    19:20
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի թմրանյութ էր պահում տանը. Մասիսի ոստիկանների բացահայտումը
    Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն ստացվեց, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը, տեսանելի վայրում, պահում է կանեփից պատրաստված զանգված: Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնեցին տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին նրան: Նրա մոտից հայտնաբերվեց պլաստմասսե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր էին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց խուզարկել 46-ամյա տղամարդու տունը: Հյուրասենյակում հայտնաբերվեցին կանեփից պատրաստված զանգվածներ՝ մոտ 80 գրամ քաշով: Դեպքի հանգամանքները պարզվում են:
    19:10
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ուշագրավ տեղափոխություն եւ նշանակում՝ Գլխավոր դատախազությունում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներին տեղափոխում է Գլխավոր դատախազություն: Նկատենք, որ վերջերս ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ: Այսպիսով, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա Ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանն է տեղափոխվել, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ: Ասել է թե՝ քաղաքական հրահանգներով առաջնորդվող պաշտոնյան հիմա էլ ԱԱԾ-ից դուրս կգործի՝ օգտվելով դատախազի վերահսկողական գործառույթներից: Նա կլինի ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ»:
    19:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատումների թիվն ամենամեծն է եղել 2016 թ.-ից ի վեր. Frontex
    Արտաքին սահմանների պահպանության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, 2022 թ.-ին արձանագրել է Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատման դեպքերի զգալի աճ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Frontex-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Frontex-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2021 թ.-ի համեմատությամբ՝ 2022 թ.-ին այդ թիվն աճել է 64 %-ով: «Նախնական հաշվարկներով՝ 2022 թ.-ին հայտնաբերվել Է Եվրամիության արտաքին սահմանների ապօրինի հատման շուրջ 330 հազար դեպք: Սա 2016 թ.-ից ի վեր ամենաբարձր թիվն է և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 64 %-ով», - նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են գործակալությունում, 2020 թ.-ին համավարակի հետևանքով առաջացած անկումից հետո անօրինական մուտքերի թիվը կտրուկ աճել է երկու տարի անընդմեջ։ Անօրինական միգրացիայի ամենամեծ ինտենսիվությունը դիտվել է արևմտաբալկանյան ուղղությամբ՝ ընդհանուր թվի գրեթե կեսը։ Անօրինական միգրանտների 47%-ը եղել են Սիրիայի, Աֆղանստանի և Թունիսի քաղաքացիներ։ «Դրանից զատ, 2022 թ. փետրվարի 24-ից մինչև տարեվերջ Ուկրաինայից և Մոլդովայից գրեթե 13 միլիոն ուկրաինացի փախստական ​​է հատել ԵՄ արտաքին ցամաքային սահմանները», - նշել է գործակալությունը: Frontex-ում ընդգծել են, որ ուկրաինացի փախստականներին չեն ներառել անօրինական միգրացիայի վիճակագրության մեջ։ «Նույն ժամանակահատվածում սահմանի նույն հատվածներից մեկնել Է Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի»,- ասված է Frontex-ի հաղորդագրության մեջ:
    18:50
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի է սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը
    Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը քաղցկեղն էր։ Այս մասին «Insider»-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։ «Տատյանան մահացել է հունվարի 11-ի առավոտյան Կալիֆոռնիայում: Մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է»,- ասել է գործակալը։ Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ է հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցել է Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման: Տատյանա Պատիցը 1980-90-ական թվականներին փայլել է համաշխարհային պոդիումներում։ Նա եղել է սուպերմոդելների «մեծ վեցյակի» անդամ Քրիստի Թարլինգտոնի, Լինդա Էվանգելիստայի, Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի և Քեյթ Մոսի հետ միասին։ Պատիցը ծնվել է Համբուրգում, նրա հայրը գերմանացի է, մայրը` էստոնացի։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։ Իր կարիերայի ծաղկման շրջանում Պատիցն ակտիվորեն համագործակցել Է «Vogue»-ի հետ և բազմաթիվ անգամ հայտնվել ամսագրի շապիկին։ «Vogue»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը գերմանացի սուպերմոդելին անվանել է եվրոպական շքեղության խորհրդանիշ։
    18:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պահուստներից Չինաստան նավթ արտահանելու արգելքին
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը հավանություն է տվել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը պատկանող, նրա կողմից վերահսկվող կամ նրա ազդեցության տակ գտնվող կազմակերպություններին ռազմավարական պահուստից նավթի վաճառքն արգելող օրինագծին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից: Այս որոշման օգտին հանդես Է եկել Ներկայացուցիչների պալատի 331 անդամ, դեմ՝ 97-ը։ Գործակալությունը նշում է, որ դեմ քվեարկող բոլոր կոնգրեսականները եղել են դեմոկրատներ: ԱՄՆ-ից Չինաստան նավթի արտահանման հարցը հանրապետականների շրջանում լուրջ քննադատության առարկա դարձավ անցյալ տարի, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ռազմավարական պահուստից Չինաստանին 180 միլիոն բարել նավթ վաճառելու մասին՝ նավթի գները մեղմելու համար, որոնք բարձրացել էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով: «Ներկայում Չինաստանը, հավանաբար, ունի պետության կողմից ​​վերահսկվող աշխարհում խոշորագույն նավթի պաշարները, որոնք կազմում են գրեթե 1 միլիարդ բարել՝ ի հաշիվ ամերիկացի հարկատուների և մեր էներգետիկ անվտանգության: Ամերիկյան ռազմավարական պահուստը նախատեսված է էլեկտրաէներգիայի մատակարարումների իրական խափանումների համար, ինչպիսիք, օրինակ, փոթորիկներով ու տարերային աղետներով պայմանավորված խափանումներն են, այլ ոչ թե Չինաստանին օգնելու համար», - ասել է Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Քեթի Մաքմորիս Ռոջերսը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության հունվարի 6-ի տվյալներով՝ ռազմավարական պահուստում նավթի ծավալը կազմել է 371,58 մլն բարել, ինչը նվազագույն ցուցանիշն է 1983 թ. դեկտեմբերից ի վեր։ Այժմ Չինաստանին նավթի վաճառքն արգելելու օրինագիծը պետք է հաստատի Սենատը. հաստատվելու դեպքում այն կներկայացվի նախագահի ստորագրմանը։ Վերլուծաբանները թերահավատ են այն հարցում, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը կաջակցի այդ նախաձեռնությանը։
    18:30
    13.01.23
    Ավելին