Լրահոս

2023-02-01
  • Img default alt hy
    Իրավական
    67-ամյա կինը հետախուզվում էր կեղծիքի մեղադրանքով
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 67-ամյա Նազիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
    12:29
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երկրին գիսաստղ է մոտենում, որը հայտնաբերվել է անցյալ տարվա մարտին
    C / 2022 E3 գիսաստղը, որը հայտնաբերվեց անցյալ տարվա մարտին, փետրվարի 1-ին կանցնի Երկրից ընդամենը 42 միլիոն կիլոմետր նվազագույն հեռավորության վրա, հաղորդում է Մոսկվայի պլանետարիումը։ «Արեգակնային համակարգի ներքին շրջանով ճանապարհորդելով՝ հունվարի 12-ին 2022 E3 գիսաստղը հասել է պերիհելիոնի (Արեգակին ամենամոտ կետը), և Երկրից նվազագույն հեռավորության վրա գիսաստղը կանցնի փետրվարի 1-ին, այնուհետև մեզ կբաժանի ընդամենը 42 միլիոն կմ» հաղորդագրություն»,- ասված է հայտարարության մեջ։ Աստղագետները ենթադրում են, որ գիսաստղի պայծառությունը կարող է հասնել +5 – +4 մագնիտուդի, իսկ գազի պոչի երկարությունը ավելի քան 10 ° է, այսինքն՝ այն կլինի Մեծ արջի «դույլի» չափ։ Քաղաքային լուսավորության բացակայության և հարմար եղանակի պայմաններում այն ​​նույնիսկ անզեն աչքով կարելի էր տեսնել Ռուսաստանի տարածքից։ Գիշերային երկնքում գիսաստղի ուղին կանցնի Մեծ արջի և Հյուսիսային աստղի «դույլի» միջև, նշել է պլանետարիումը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի Պլանետարիումի գիտական ​​ղեկավար Ֆաինա Ռուբլևան, գիսաստղերի շարժումը, ի տարբերություն երկնաքարերի, գրեթե չի տարբերվում մարդու աչքով. դրանք կարծես կախված են երկնքում: Նրա խոսքով՝ գիսաստղը դիտարկելը, եթե եղանակը թույլ տա, լավագույնը կլինի վաղ ժամերին։ Առաջին անգամ C/2022 E3 գիսաստղը ֆիքսվել է լայնանկյուն տեսախցիկով՝ ZTF (Zwicky Transient Facility) ծրագրով երկինքը դիտելու համար։ Գիսաստղը դասակարգվել է որպես երկարաժամկետ գիսաստղ, և այդ ժամանակից ի վեր այն նկատելիորեն մեծացրել է իր պայծառությունը և շարժվում է Bootes համաստեղության երկայնքով, որը հյուսիսային կիսագնդում անորոշ համաստեղություն է: Այս պահին, ըստ աստղագետների, այն տեսանելի է միայն աստղադիտակով լուսաբաց երկնքում գունատ, մշուշոտ բծի տեսքով:
    12:22
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի քայլերին դեմ լինելով՝ նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին․ Մուրադ Փափազյան
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: - Պարոն Փափազյան, խնդրում եմ ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդյունք տվեց, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: - Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրյա է: Մակրոնի թիմի հետ հինգուկես տարի է՝ կաշխատենք: Կա փոխվստահություն: Մակրոնը մաքսիմումն անում է, որպեսզի ներդրում ունենա Արցախի հիմնախնդրի լուծման մեջ, նաեւ՝ Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, քանի որ այսօր միայն Արցախի հարցը չէ, կա նաեւ Հայաստանի անվտանգության հարցը: Մեր վերջին հանդիպումը մեկ ժամ տեւեց: Մակրոնն ուզում էր իմանալ, թե ինչ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Նա ուշադիր լսեց մեր առաջարկները եւ համաձայնեց որոշ կետերի: Նա շատ լավ հասկանում է մեր դերը եւ գնահատում մեր աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի: Բայց իր համար պետք է առանձնացնի, թե մեր առաջարկներից ինչը հնարավոր է, ինչը՝ ոչ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ առաջարկների ու համաձայնությունների մասին: Դա դիվանագիտական աշխատանք է: Մեր նպատակը հաջողության հասնելն է, ոչ թե այդ մասին բարձրաձայնելը: Հանդիպում նորից կունենանք: Իսկ 2 օր անց կայացավ CCAF-ի տարեկան ընթրիքը, որին մասնակցեց իր ներկայացուցիչը՝ ներքին գործերի նախարարը: Մակրոնն այս տարի որեւէ համայնքային ընթրիքի չպետք է մասնակցի, նաեւ՝ հրեաների տարեկան ընթրիքին: Ինչպես գիտեք, մենք հարց ունենք Էրդողանի տարբեր լծակների, գաղտնի կազմակերպությունների հետ: Դրանք կապված են Էրդողանի ու Թուրքիայի հետ եւ գործունեություն են ծավալում տարբեր միջավայրերում: Դրանցից են նաեւ «Գորշ գայլերը», որոնք հակահայ գործունեությամբ են զբաղված: Իսկ Էրդողանի եւ Չավուշօղլուի ցուցումով նրանք ակտիվանում են հայկական սփյուռքի դեմ՝ հատկապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մակրոնը ՆԳ նախարարին ուղարկել էր, որպեսզի միասին քննարկենք այն վտանգները, որոնք ունի Ֆրանսիայի հայկական համայնքը: - Ձեր կարծիքով, ՀՅԴ-ականների դեմ ուղղված Փաշինյանի քայլերը նեղ անձնակա՞ ն են` իշխանությունը պահելու համար, թե՞ Թուրքիայի հետ համաձայնություն կա այդ հարցում: - Կարծում եմ՝ համաձայնություն կա Թուրքիայի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ՝ շատ հարցերի շուրջ: Սփյուռքում կա շատ ակտիվ մաս՝ հայկական դատի գործով: Մենք իրենց համար պրոբլեմ ենք, իրենց ծրագրերին չենք համապատասխանում: Հայ-թուրքական հարաբերությունների սցենարը գրված է Թուրքիայի կողմից: Սփյուռքն այսքան ազդեցություն ունի, պայքարում է Թուրքիայի դեմ, քանի որ նա մասնակցություն ուներ 44-օրյա պատերազմի մեջ: Ես գիրք եմ այդ մասին գրել, որը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, իսկ դա խանգարում է Թուրքիային: Եվ եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին: Հասկանալի է, որ դրան դեմ է Էրդողանը, բայց չենք հասկանում, թե ինչու է Փաշինյանը դեմ: Փաշինյանը դեմ է սփյուռքին, նա կողմ կլինի միայն, եթե սփյուռքը հնազանդվի իրեն: Փաշինյանը 2018 թվականին իր խոստացած արժեքներին դեմ գնաց, ինքն այն ժողովրդավարը չէ, որը ներկայացնում էր: Նա հաղթեց ժողովրդավարությանը: Արդյոք այժմ Հայաստանն ավելի՞ ժողովրդավար է, քան առաջ, արդյոք օլիգարխներ չկա՞ ն, արդյոք ավելի լա՞վ է ապրում ժողովուրդը, Հայաստանն ավելի՞ ուժեղ է, քան երեկ: Ինքը դավաճանեց իր խոստումները, Հայաստանի ժողովրդին խաբեց: Ժողովուրդը պետք է արթնանա: Դեռ ուշ չէ, բայց վաղը կարող է ուշ լինել: Նա, պառակտելով սփյուռքը, տկարացրեց Հայաստանն արտաքին գետնի վրա: 4 դաշնակցական ընդդիմադիրների մուտքն արգելվեց Հայաստան միայն քաղաքական մո- տիվներով, դա որեւէ իրավական հիմք չունի: Վերջ պետք է տալ Փաշինյանի վարքագծին, նա թուլացնում է Արցախը, Հայաստանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Տեսանք, թե ինչպիսի խայտառակությամբ կազմակերպվեց Հայաստան-սփյուռք գագաթնաժողով կոչվածը: Արժեք չուներ: Պատմական սփյուռքի կազմակերպությունները, անհատները, ովքեր մեծ ներդրում են ունեցել, ներկա չէին: Այս երեքը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարը մեկ ամբողջություն են: Փաշինյանը եկավ ազգային արժեքները տկարացնելու համար: Այդ արժեքների մեջ պետք է միասնականություն լինի: Նա եկավ ու պայքար սկսեց այդ արժեքների դեմ: Նրա քաղաքականությունը Հայաստանը տարավ դեպի պատերազմ: Նշանակում է, որ ինքը նպատակ չուներ հզորացնելու Հայաստանը կամ չկարողացավ: Եթե բանանք Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի առջեւ, 3-4 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կղեկավարի Թուրքիան: Հայերը կաշխատեն թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների համար, նրանց ձեռքի տակ: Հայաստանն էլ մերը չի լինի, այլ կդառնա տարածք, որտեղ ապրում են հայեր: Եվ ինչ որ Թուրքիան ուզում էր 1915-ին, կիրականացնի այդ ձեւով: Թուրքիան գիտի, որ դրան կհասնի Փաշինյանի օգնությամբ: Ով ղեկավարում է երկրի տնտեսությունը, նա էլ ղեկավարում է քաղաքականությունը: Հայաստանի ժողովուրդը պատկերացնո՞ւմ, է, որ իր երեխաները վաղը աշխատեն թուրքի կամ ադրբեջանցու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում Հայաստանի հետ, նրանք ուզում են տիրել եւ իշխել Հայաստանի վրա: Ժողովուրդը պետք է դա գիտակցի: - Կար ո՞ղ ենք ասել, որ Դաշնակցությունը խանգարում է Փաշինյան-Էրդողան, այսպես ասած, դաշինքին: - Այո: Դաշնակցության նպատակն է, որպեսզի հիմնվի զորավոր Հայաստան եւ Արցախ, որ հայերը խաղաղ ապրեն այդտեղ: Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն չէ, ինչպես ուզում են մեզ ներկայացնել, ընդհակառակը՝ Դաշնակցությունը Հայաստանի համար ուզում է միայն խաղաղ ապագա, որը կլինի, եթե հարգվեն այն արժեքները, որոնք եղել են վերջին տարիներին: Պետք է հարգել սփյուռքը: Սփյուռքը Հայաստանի ծովն է, Հայաստանը ծով չունի, բնական ռեսուրսներ չունի, բայց ունի սփյուռք, որն անպաշտոն դիվանագիտություն է վարում ի նպաստ Հայաստանի: Սփյուռքը պատրաստում է հող, որ Հայաստանը Ֆրանսիայի կամ այլ երկրների հետ լավ հարաբերություններ ունենա: Մենք պետք է վերափոխենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որպեսզի զորավոր ու ուժեղ Հայաստան ունենանք, ոչ թե ծնկի եկած, զիջող եւ ադրբեջանցիներին բարի գալուստ մաղթող Հայաստան»:
    12:15
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
    ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում են Հայաստանի տղամարդկանց թիմի երկու ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (51-րդ տեղ): Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին 17-րդն է: Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը:
    12:07
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հովհաննես Բաչկովը ցանկանում է մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: «Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնությանը: Ուզում է աշխարհի չեմպիոն դառնալ: Նա այժմ մարզվում է անհատական մարզումային ծրագրով: Աշխարհի առաջնությունից հետո կհասկանանք նրա` օլիմպիական քվոտայի համար պայքարելու հնարավորությունը»,-ասաց գլխավոր մարզիչը:
    12:00
    01.02.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.02.23
    11:58
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ 🚫Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ❗️Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում ,Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սևան քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:52
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ
    Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչի շրջանակներում «Ինտեր»-ը մրցել է «Ատալանտա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ջուզեպե Մեցա» մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Միլանյան ակումբի կազմում հաղթական գնդակը խփեց Մատեո Դարմիանը, ով աչքի ընկավ 57-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
    11:45
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը մի քանի նախարարների անակնկալի է բերել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 31-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտե է այցելել, ու, ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Փաշինյանը կոմիտե այցելել է կառույցի 2022-ի գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրները հուշում են, սակայն, որ նախարարություններ այցելելուց ու կատարողականին ծանոթանալուց հետո Փաշինյանն այժմ էլ որոշել է պետական բոլոր տեսակի (սկսած ամենափոքրից) գերատեսչություններով անցնել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում դրանց ներսում: Գործադրի մեր աղբյուրները փոխանցում են՝ բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է գլխիվայր փոխել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավար-աշխատակիցներին, հետեւաբար որոշել է անձամբ շրջել ու հասկանալ, թե որտեղ ինչ է կատարվում: «Իսկ հասկանալու լավագույն ձեւը սեփական աչքով տեսնելն է, թե որ գերատեսչության ղեկավարը կամ աշխատակիցն իրեն ինչպես է դրսեւորում, պատրաստված է, թե ոչ, որտեղ է թերանում եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ՝ Փաշինյանը, որ, դեռեւս նախորդ տարեվերջից սկսած, նախարարություններ էր այցելում ու հաշվետվություններ լսում, մի շարք նախարարների անակնկալի է բերել՝ ասելով, որ վերջիններս իրեն ոչ թե արած աշխատանքները ներկայացնեն ու գլուխ գովեն, այլ խոսեն պլանավորած ու չիրականացրած աշխատանքներից: Չի բացառվում՝ առաջիկայում կառավարության ենթակայության տակ գտնվող ամենատարբեր օղակներում նոր տեղաշարժեր լինեն»:
    11:41
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորն Աննա Հակոբյանի հիմնադրամին 1 մլն դրամ է փոխանցել «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։ Ըստ մամուլում հրապարակված տվյալների (2017 թվականին այդ մասին գրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»), այս ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Արսենյանին։ Ըստ նույն հրապարակման՝ 50 տոկոս բաժնեմասով Արսենյանին են պատկանում նաեւ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» ընկերությունները։ Ինչ վերաբերում է «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ին, ապա այն զբաղվում է «Ուինսթոն» ծխախոտի ներմուծմամբ եւ վաճառքով, ծխախոտի արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» ընկերության բացառիկ ներմուծողն է»:
    11:37
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարող եք, չէ՞, դադարեցնել պառակտումն ու խարդավանքները երկրի ներսում․ «Հրապարակ»
    «Հրապարակ»-ն իր առաջնորդող հոդվածում գրում է Երբ մարդիկ սկսում են խոսել միասնականության, համազգային համախմբման, մի բռունցք դառնալու եւ մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու մասին, հասկանալի է, որ այդ կոչերն ուղղված են ընդդիմությանը, իշխանություններին քննադատողներին: Դրանք մեղադրանքի ու հանդիմանության կոչեր են` որ մեր երկիրն այսքան ծանր ու դժվար լուծելի խնդիրների առաջ է կանգնած, իսկ դուք, միաբանվելու փոխարեն, միմյանց ու իշխանությունների միսն եք ծամում, եւ մեր այս պառակտվածությունից օգտվում է թշնամին: Այսպես մտածողներից ոչ մեկը, սակայն, կոչ չի անում իշխանություններին` համագործակցել, միաբանվել իրենց քննադատողների հետ, լսել նրանց, օգտվել նրանց առաջարկներից: Մինչդեռ այս պահին հենց դրա կարիքը կա` դիմել գործող իշխանություններին եւ հորդորել. լավ, չեք ուզում հրաժարական տալ, պաշտոնն ու իշխանությունը քաղցր բան են, հասկանում ենք ձեզ, բայց կարող եք, չէ՞, դադարեցնել պառակտումն ու խարդավանքները երկրի ներսում, երբեմն լսել ձեզ քննադատողներին, փոխել մարտավարությունը, ընդառաջել խելացի խորհուրդներին: Այս նեղ պահին, երբ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում, ի՞նչ իմաստ ունի Մուրադ Փափազյանին կամ երիտասարդ դաշնակցականներին երկրից վտարելը: Ի՞նչ եք շահում այդ քայլերով: Ինչո՞ւ եք Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ հայտարարել եւ կաթողիկոսին «պերսոնա նոն գրատա» ճանաչել: Ի վերջո, անգամ եթե այդ մարդիկ ինչ-որ հարցերում, ինչ-որ պահի ձեզ համար տհաճ ու անընդունելի պահվածք են դրսեւորել եւ ձեր դեմ գնացել, չէ՞ որ դրա համար միանգամայն հիմնավոր պատճառներ են ունեցել: Այս խառը ժամանակներում ինչո՞ւ եք որոշել քրեական գործեր հորինել ընդդիմադիրների դեմ: Ախր, ձեր աբիժնիկությամբ, չարությամբ, անհանդուրժողականությամբ երկիր եք կործանում:
    11:34
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա
    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժություններին, որին 18-ից փետրվարի 2-ը, մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինվորականներ։ Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Կարս նահանգում:
    11:30
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ ՔՊ-ականները համաձայնության չեն եկել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները: Տեղեկացանք, որ իշխող խմբակցությունն էլ թեեւ հաճախակի քննարկումներ է անցկացնում ՄԻՊ թեկնածուների մասով, սակայն դեռ չունի ՄԻՊ թեկնածու, որը կլինի պրոֆեսիոնալ, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: Տեղեկացանք, որ երեկվա փակ քննարկմանը նույնպես անդրադարձ է եղել ՄԻՊ-ի հարցին, բայց թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել իշխանական պատգամավորները: Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: ՄԻՊ առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները, իսկ նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն. ստացվում է՝ ՀՀ նոր ՄԻՊ ընտրելու համար բավարար կլինեն միայն ՔՊ-ի ձայները»:
    11:26
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին
    Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար: Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը ներկայացված են աղյուսակում: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը սպառողներին հորդորում է զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել գործող թեժ գծերի միջոցով: Շուկայում տարբեր ապրանքատեսակների հետագա իրացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
    11:22
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո տարբեր զորամասերի մի շարք սպաներ կամովին դիմում են ներկայացրել` ծառայության պայմանագրերը վաղաժամ դադարեցնելու համար: Ըստ նույն աղբյուրների` ՊՆ-ում բավականին խուճապային տրամադրություններ են` հաշվի առնելով, որ չկան փոխարինող համապատասխան կադրեր: Ուստի փորձում են «լեզու գտնել» վերոնշյալ սպաների հետ: Թե ինչ հանգուցալուծում կգտնի վերը նշված իրավիճակը, դժվարանում են ասել անգամ ՊՆ բարձրաստիճան «հնաբնակները»:
    11:18
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հանրային քննարկման է դրվել բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը: «Արմենպրես»-ը ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախատեսվել է 2023-2024 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը տնտեսության զարգացման համար: Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) նախատեսվում է հատկացնել բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ): Հաշվի առնելով նաև 2022-2023 թթ. ընդունելության մրցույթի արդյունքները և հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2022-2023 ուստարվա համար հատկացված 22.300 տեղերը պակասեցնել 6000-ով և այս տարի հատկացնել 16.300 վճարովի տեղ: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա՝ անվճար և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը։
    11:15
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խելք ու խրատ՝ ՔՊ-ականներին․ «Հրապարակ»
    Նախօրեին ՔՊ խմբակցության դռնփակ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ իշխանական պատգամավորների կարգապահական հարցերը։ ՔՊ ղեկավարությունը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանն օրենսդիրների համար վերածվել է ժամանցի վայրի․ երբ ուզում են` գալիս են նիստերին, երբ չեն ուզում՝ չեն գալիս, հորդորել են պատշաճ ներկայություն ապահովել, հակառակ պարագայում` հիմնավորել բացակայությունները, առավել զգույշ լինել հրապարակային հայտարարություններում, քանի որ հանրային դժգոհությունները գնալով աճում են, ու ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է մեծ կրքեր բորբոքել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը եւ ՔՊ-ի դիրքորոշմանը, խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ հարցին չեն անդրադարձել եւ հրահանգ էլ չեն ստացել: Այդ մասին` հաջորդ դասին։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի փետրվարի 7-ին մեկնարկող նիստերի ընթացքում։ Ի դեպ, վստահեցնում են, որ չեն քննարկել նաեւ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի հարցը, մինչդեռ թեկնածություն ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, թեկնածու չի ներկայացնի, իսկ ՔՊ-ում կարծես մտքափոխվել են սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին առաջադրելու հարցում։ Անսպասելի ու անհայտ մեկին են փնտրում:
    11:11
    01.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Ճամբարակ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Վայք, Եղեգնաձոր, Աշտարակ, Ապարան, քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սևան քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:00
    01.02.23
    Ավելին