Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:59
25.11.22
239

Մոսկվան արձագանքել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ իր հարթակում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է interfax.ru-ն:

Լրագրողների այն հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է տրամադրել իր հարթակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր ներկայության պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպումից, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է.

«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև մշտապես արձանագրում է իր աշխատանքի շարունակության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում»։

Ի պարզաբանում հարցին, թե արդյոք մոտ ապագայում նախատեսվո՞ւմ է նման հանդիպում ռուսական հարթակում, Կրեմլի խոսնակն ասել է.

«Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ»։