Լրահոս
Սփյուռք
22:19
24.10.25
253

Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով բարոյականության բոլոր սահմանները․ հայտարարություն

Img default alt hy

Ռումինիայի Հայոց թեմի հայտարարությունը․

«Վրդովված սրտով ենք հետևում Հայրենի մեր երկրում իրադարձությունների անցանկալի, ամոթալի, բայց նաև կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները:

Մեզ համար խորապես մտահոգիչ է ականատեսը լինել Ժողովրդավարական բարեփոխումների հայտ ներկայացրած ՀՀ իշխանությունների կողմից՝ տարվույս հոկտեմբեր 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի և թեմի քահանաների նկատմամբ անհամաչափ, անպատշաճ և թատերականացված ուժի կիրառմանը: Հայոց Եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում թե՛ իրենց աննախադեպությամբ և թե՛ դրանց ընթացքի արդարության և թափանցիկության առումով:

Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, մեր հոգևոր եղբայրների և մեր հավատացելոց կողքին, զորացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, հեռու վանելու մեզանից ամեն պառակտում և ամրապնդելու սերն ու միաբանությունը՝ ի շահ մեր ազգի և պետականության:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առաջնորդվելու արդարության, թափանցիկության և օրինականության սկզբունքներով և հանձնառությամբ՝ հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր Ժողովրդին:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը և մեր աղոթքն ու եղբայրական զորակցությունը հայտնում Արագածոտնի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանին և թեմի քահանայից դասին, ինչպես նաև ամիսներ շարունակ կալանքի մեջ գտնվող Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին, Գերշ․ Տ․ Բագրատ արք․ Գալստանյանին և բոլոր քաղբանտարկյալներին՝ վերստին հորդորելով. «Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ 12:12):

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան»։