Լրահոս
Քաղաքական
13:32
29.11.22
75

Մենք ունենք ԱԳՆ, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է․ Սուրեն Զոլյան

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումն Ալիևի կողմից չեղարկելու փաստը քաղաքական շրջանակներում կանխատեսումների հիմք է տվել, որ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի, ևև Հայաստանի գլխին է կախվում նոր պատերազմի սպառնալիքը։ Ալիևը, անցած շաբաթ ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, հայտարարել էր․

«Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»:

Պաշտոնական Երևանը շտապեց հերքել Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպումը և խաղաղության գործընթացը՝ առաջ քաշելով Ֆրանսիայի նախագահի մասնակցության նախապայմանը։ Դա ներկայացվեց այն ձևակերպմամբ, թե Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, այն է՝ քառակողմ ձևաչափով՝ Միշել-Մակրոն-Ալիև-Փաշինյան։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կորցրել է անկողմնակալ միջնորդի կարգավիճակը, և հենց այս պատճառաբանությամբ է, որ մերժել է բրյուսելյան հանդիպումը՝ Մակրոնի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևով կոչ է արվում կառավարությանը՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին՝ դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը՝ եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում։

Իհարկե, այդ բանաձևն անցած շաբաթներին առարկայական կիրառում չի ստացել և ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, սակայն հայկական դիվանագիտությունն ու իշխանության ներկայացուցիչները դա ընդունեցին ցնծությամբ, և այն ներկայացվեց իբրև դիվանագիտական մեծ ջանքերի արդյունք, հաղթանակ։

Քաղաքագետների մի խումբ Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկումից հետո քննադատություններ հնչեցրեց այս առիթով, մասնավորապես Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ դիվանագիտությունն «էմոցիաներ» չի սիրում, և մեր նպատակը ոչ թե պիտի «բարոյական հաղթանակները» լինեն, այլ «հասնել նրան, որ խաղաղության գործընթացն ունենա ազդեցիկ երաշխավորներ, ու դրա միջոցով հասնենք Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության, Արցախի անվտանգության համար կայուն միջազգային երաշխիքների ստեղծմանը»։ Հակառակ պարագայում՝ բանակցությունները բոլոր հարթակներում կտապալվեն՝ ճանապարհ բացելով նոր էսկալացիայի առջև։

Իսկ քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ ՀՀ-ում «իշխանություն» և «դիվանագիտություն» բառերն իրարից բավականին հեռու են, զրո դիվանագիտություն է բանեցվում՝ անունը կա, ամանում չկա։ «Արտաքին գործերի նախարարություն՝ այո, մենք ունենք նման կառույց, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է»,-ասում է Զոլյանը։

Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմի համար ինչու է այդքան կարևոր Ֆրանսիայի ներկայությունը բանակցային ձևաչափում, քաղաքագետն ասաց՝ Մակրոնի մասնակցությունը կարող էր խանգարել Ալիևի ամբողջատիրական նկրտումներին, «որովհետև, բոլոր դեպքերում, Մակրոնը կարող է հանդես գալ «հավասարակշռված» որոշման կողմնակից, քանի որ Ֆրանսիայում կա հանրային կարծիք»։

«Իհարկե, դատելով Մակրոնի քայլերից՝ նա առանձնապես չի հետևում այդ կարծիքին, սակայն Սենատի թեկուզ ոչ իրավական որոշումն ինքնին հանրային կարծիքի արտացոլում է, և Մակրոնն ինչ-որ ձևով դրան պետք է հետևեր։ Ուստի հենց Ալիևի պահվածքը հասկանալի է՝ ինքն ուզում է հասնել առավելագույնի, իսկ Մակրոնի ներկայությունը դա հնարավոր է խանգարեր, այս պատճառով Ալիևը, որը թելադրողն է այս հարաբերություններում, հանդես եկավ նման դիրքորոշմամբ»,- ասում է Զոլյանը։

Տեսակետ կա նաև, որ Մոսկվային հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել իր վերահսկողության ներքո, ինչի վկայությունն են Ալիևի ու Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները: Եվ եթե բանակցությունների արևմտյան հարթակի աշխատանքները տապալվում են, մնում է եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափը։

Քաղաքագետ Զոլյանը չի բացառում որևէ վարկած, բայցև որոշակի նկատառումներ ունի․ «Ալիևն այսօր այնպիսի դիրքերում է, որ Ռուսաստանը չի կարող վերջինիս իր կամքը թելադրել, եթե Ալիևը որևէ քայլ է անում, ապա դա իր որոշումն է, կամ՝ Էրդողանի հետ համաձայնեցված, ՌԴ-ի կարծիքը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի չառնել։ Եթե անգամ համաձայնեցված է Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ Ալիևն ունի դիվանագիտություն և կարողանում է իր շահերը համաձայնեցնել խոշոր խաղացողների շահերի հետ՝ հաշվի առնելով Մակրոն-Պուտին լարված հարաբերությունները»»։