Լրահոս
Քաղաքական
17:17
15.01.25
748

Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի արհեստականորեն սրբագործման մոտեցումը դադարեցնելու մասին հայտարարությանը, նշեց, որ կիսում է այդ կարծիքը, քանի որ պետք չէ պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որը ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին։ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարեց 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում։

«Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո և նաև իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների բավականին լուրջ ընթացք է սկսել, ու այն, ինչ ունենք այսօր, դա բարեփոխումների մի քայլ առաջն է ու ընթացքն է։ Այսօր գնահատական հնչեցնել, թե ինչ արդյունք կտան մեր բարեփոխումները, բավականին վաղ է, և ես չէ, որ պետք է տամ այդ գնահատականը»,-նշեց Սուրեն Պապիկյանը։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով վարչապետը խորհուրդ էր տվել դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը՝ Պապիկյանը նշեց, որ կիսում է այդ կարծիքը։

«Կիսում եմ ՀՀ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն ոչ միայն սրբագործել, այլև պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որն առաջին հերթին ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին։ Խոսքն, ամենևին, նրա մասին չէ, որ սրանով վատաբանում ենք ԶՈՒ-ին, փորձում ենք ինչ-որ կերպ նրանց վաստակը նսեմացնել։ Խոսքը նրա մասին է, որ մենք ԶՈՒ-ին վերաբերում ենք հարգանքով, պատասխանատվությամբ և ուզում ենք, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված։ Մենք հասկանում ենք, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվորը չէ»,-ընգծեց պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ անվտանգությունը պետք է լինի տնտեսական, արտաքին քաղաքական, և այն պետք է բալանսավորել։