Լրահոս
Քաղաքական
14:04
29.11.22
149

Կարծում եմ՝ «Վերածնվող Հայաստանի» հետ քաղաքական պայքարում համատեղ անելիքներ դեռ ունենալու ենք․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ քաղաքական նպատակադրումների և սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով նույն խմբակցության պատգամավորներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանի, Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի որոշումը պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։

««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկում։ Տեղյակ ենք եղել որոշումից և հարգանքով ենք վերաբերվում որոշմանը։ Արձանագրենք, որ համատեղ քաղաքական նպատակադրումների և սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։

Հենց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտում։ Ես կարծում եմ, որ քաղաքական պայքարում դեռ համատեղ անելիքներ ունենալու ենք»,- նշեց Խամոյանը։

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը և Հռիփսիմե Ստամբուլյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել։