Լրահոս
Առողջապահական
23:00
25.11.22
185

Ինչպե՞ս է օդի խոնավության բացակայությունն ազդում մարդկանց կյանքի որակի վրա

Img default alt hy

«Aysor.am»-ը գրու է.

«Օդի մեջ խոնավության պարունակությունը կարող է էականորեն ազդել մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա։ Նորմայից շեղումը աննկատ և աստիճանաբար նվազեցնում է էներգիան, վատթարացնում մաշկի վիճակը, մեծացնում հոգնածությունը և բացասական հետևանքներ թողնում, հատկապես, երեխաների վրա:

Լինելով փակ տարածքում՝ մենք խախտում ենք խոնավության բնական հավասարակշռությունը, որը պահպանվում է բնության կողմից։ Եթե ամռանը դա գործնականում չի նկատվում, ապա ձմռանը փողոցում և փակ տարածքում օդի հարաբերական խոնավության տարբերությունը շատ էական է դառնում։

Դա պայմանավորված է նրանով, որ երբ օդը տաքացվում է ջեռուցման համակարգով, հարաբերական խոնավության մակարդակը նվազում է: Արդյունքում, խոնավությունը սկսում է ավելի մեծ արագությամբ գոլորշիանալ մեր մարմնից, ինչը հանգեցնում է կոկորդի, ինչպես նաև քթի, շնչուղիների լորձաթաղանթի չորացմանը՝ չոր օդի հետ մշտական ​​փոխազդեցության պատճառով։

Խոնավության պակասը մարդկանց մոտ կարող է արտահայտվել առողջության վատթարացման հետևյալ ախտանիշներով՝ մաշկի և շրթունքների ճաք, քթի գրգռում, կոկորդի ցավ, շնչառական խնդիրներ։

Նկատելի է նաև հակառակ երևույթը՝ ավելորդ խոնավության պատճառով՝ ալերգիկ ռեակցիաների, ասթմայի, ռինիտի հետ կապված խնդիրների առաջացում։

Քանի որ չոր օդը դժվարացնում է թթվածնի մուտքն օրգանիզմ, նման մթնոլորտում մնալը հանգեցնում է ինքնազգացողության վատթարացման և հոգնածության։

Օդի չորության հետևանքով ախտահարվում են ականջ-կոկորդ-ռնգային և բրոնխիալ հատվածները։ Վերին շնչուղիների լորձաթաղանթները. շնչառական էպիթելը կորցնում է իրեն հատուկ պաշտպանիչ գործառույթը։ Սակայն նորմալ խոնավության վերականգնումից հետո հնարավոր է դառնում էպիթելի պաշտպանիչ հատկությունների վերականգնում։

Աչքի լորձաթաղանթը նույնպես կորցնում է իր պաշտպանիչ գործառույթները՝ ճանապարհ բացելով բակտերիալ վարակի համար։ Չոր օդը նաև լրացուցիչ գրգռում է առաջացնում նրանց համար, ովքեր կրում են կոնտակտային ոսպնյակներ, քանի որ ոսպնյակների արագացված չորացումը առաջացնում է անհանգստություն, և երկարատև գործածության դեպքում, բացասաբար է անդրադառնում աչքերի վրա։

Երեխայի խնամքի հիմնական գործոններից մեկը օդի խոնավությունն է: Առողջ երեխայի համար խոնավությունը պետք է լինի առնվազն 50%, շնչառական վարակով հիվանդ փոքրիկի  համար՝ առնվազն 60%: Եթե ​​սենյակում օդը չափազանց չոր է, երեխայի լորձաթաղանթները չորանում են, քիթը խցանվում է, և վերջինս գիշերվա ընթացքում հաճախ է արթնանում։ Լորձը կուտակվում է խոռոչներում և դառնում բակտերիաների բուծման վայր։ Նորածնի մոտ բերանի խոռոչի լորձաթաղանթը չորանում է, և, նույնիսկ, կուրծք ուտելիս կարող է ցավ առաջանալ:

Օդի մեջ խոնավության բացակայությունը արագացնում է մաշկից ջրի գոլորշիացումը։ Այն դառնալով չոր՝ հակված է բորբոքման, կոպտացման և շերտավորման։

Չոր օդը և, ի լրումն ջեռուցիչների ջերմությունը, հանգեցնում է փոշու տարածմանը։ Եթե ​​սենյակում օդը անընդհատ չորանում է, կահույքը, մանրահատակը և այլ փայտե իրերը աստիճանաբար կորցնում են իրենց սկզբնական տեսքը։ Նրանք սկսում են փոքրանալ, և, ի վերջո, ճաքեր են առաջանում։

Խոնավության պակասը հանգեցնում է բազմաթիվ տնային բույսերի և ծաղիկների չորացմանը, որոնց տերևները զգայուն են խոնավության մակարդակի նկատմամբ: Չոր օդը կարող է առաջացնել տերևների եզրերի դեղնություն, բողբոջների և ծաղիկների չորացում:

Այսպիսով, աշուն-ձմեռ հերթափոխին հարաբերական խոնավության և օդի խոնավացման մասին տեղեկատվությունը ակտուալ է յուրաքանչյուր մարդու համար՝ ինչպես տանը, այնպես էլ, հնարավորության դեպքում, աշխատավայրում։ Պահանջվող սահմաններում խոնավության պահպանումը թույլ կտա կանխել առողջության և տան հետ կապված խնդիրները»: