Լրահոս
Մամուլի տեսություն
09:39
10.09.24
184

Հետաքրքիր է, թե ուր է անհետացել Նուարդ Վարդանյանի մեքենան և անշարժ գույքը․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանում ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի սխալներով լրացրած հայտարարագրի տարբեր տարեթվերով նույն մեքենան այս տարի անհետացել Է հայտարարարից:

Բանն այն է, որ Նուարդ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշել էր, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Դավիթ Ավինյանից ձեռք էր բերել ևս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, և տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։

2022թ. սկզբում ոչ միայն «անհետացել է» Ford-երից մեկը, այլև վաճառքից առաջ փոխվել է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնալով մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով որպես 2019 թվականի արտադրության մեքենա։

Այս դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, ապա ավագանու անդամից պարզաբանում էր հայցել։

Ինքը՝ Վարդանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր.
«Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, և դա իմ սխալմունքը չէ։»

Ինչևէ սպասենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քայլերին։ Իսկ մինչ այդ ուսումնասիրենք ՔՊ-ական Նուարդ Վարդանյանի 2024 թվականին ներկայացված 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը։

Նուարդ Վարդանյանի հայտարարագրից անհետացել են ոչ միայն մեքենաները, այլ նաև նվիրատվություն ստացած 3 գույքից 2-ը՝ անհատական բնակելի տունը և նվիրատվությաամբ ստացած ևս մեկ շինություն, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունը, որը դեռ չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Հետաքրքիր է, թե ուր է անհետացել Նուարդ Վարդանյանի մեքենան և անշարժ գույքը, եթե հայտարարագրում նույնիսկ վաճառքի մասին ոչ մի տվյալ չկա։

Նուարդ Վարդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ։ Վարդանյանն ունի նաև կրիպտոարժույթ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։

Վարդանյանը, որպես հաշվետու տարվա եկամուտ հայտարարագրել է Երևանի քաղաքապետարանի կողմից որպես ավագանու անդամ ստացած 75 հազար դրամը։

Այս տարի ևս սպասենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքին՝ հասկանալու, արդյոք կրկին աչք կփակի իշխանության ներկայացուցչի սխալների վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։