Լրահոս
Քաղաքական
17:26
21.03.25
267

«Հայաստան» խմբակցությունը խորապես գնահատում է Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը

Img default alt hy

 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։ 

Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը  Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։ 

Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։ 

Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝  աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։ 

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։ 

Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը»։