Լրահոս
Քաղաքական
11:55
29.11.22
105

Գլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կդառնա 2 մլն 500 հազար դրամ. նախագիծ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար տրամադրել։ Այսինքն՝ դատախազների և գլխավոր դատախազի եկամուտները կավելանան մոտ 70 տոկոսով։ Փոփոխություններն ու լրացումները կատարվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։

Նախ՝ փոփոխություն է կատարվում օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում, որտեղ ներառված են այն պաշտոնները, որոնց մասով բացառություն է արված, և հավելավճարի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը նրանց չի վերաբերում։ Այդ շարքում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողները, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և դատավորը, Վճռաբեկ դատարանի դատավորը։

Այս շարքում են ուզում ավելացնել նաև դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողներին՝ գլխավոր դատախազին ու դատախազներին։ Այսինքն՝ նրանց տրվող հավելավճարները կարող են գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։

Օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազների վարձատրությանը, լրացվում է 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով»։

Ներկայումս գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 15 է, այսինքն՝ գլխավոր դատախազը ստանում է 992 հազար դրամ, որի 100 տոկոս հավելման դեպքում գլխավոր դատախազի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 984 հազար դրամ։ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում գլխավոր դատախազի աշխատավարձը կկազմի 1 մլն 248 հազար դրամ, 100 տոկոս հավելումով՝ 2 մլն 500 հազար դրամ։

Արդարադատության նախարարությունը նախագիծը հիմնավորում է նրանով, որ վերջին շրջանում քրեական գործերը շատացել են, դատախազները ծանրաբեռնված են աշխատում, բացի այդ էլ՝ ռիսկային պաշտոն են զբաղեցնում։ Իսկ պաշտոնի ռիսկայնությունը բացատրվում է նրանով, որ մեղադրյալները, նրանց հարազատները քրեական հետապնդումը նույնականացնում են դատախազի հետ, անձնավորում են։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ դատախազի աշխատանքը գրավիչ չէ ֆինանսական տեսանկյունից, և իրավաբանները գերադասում են փաստաբան աշխատել, սակայն հարց է առաջանում, թե գլխավոր դատախազի եկամուտներն ինչու են այսքան ավելանում՝ այն դեպքում, երբ նա առանց այդ էլ շատ բարձր աշխատավարձ է ստանում։

Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ այս նախագիծը նաև գլխավոր դատախազին է վերաբերում։ Փաստորեն, շարքային դատախազների վարձատրության անվան տակ գլխավոր դատախազի վարձատրությունն էլ է բարձրանում՝ հասնելով ահռելի, անտրամաբանական չափի»: