Լրահոս
Հասարակական
14:22
22.04.23
103

Գինեգործ Վասակի բիզնեսն ու սիրտը, որ լեռներում է

Img default alt hy

Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վասակ Միրզախանյանն ունի գինու իր փոքրիկ մառանը։ Դեռ չի արտահանում արտադրանքը։ Ասում է՝ գինեգործությամբ է զբաղվում ոչ թե շահույթի, այլ հաճույքի համար։ Մոտ ապագայում կունենա նաև իր գործարանը, որի արտադրանքը կարտահանի։ Բրենդի անունն արդեն որոշել է՝ «Արտամիր», որդու՝ Արտակի և ազգանվան՝ Միրզախանյանի առաջին վանկերի միացումից.

«Հիմնականում, պատրաստում եմ կարմրահյութ սորտերից, շատ մուգ գինի է ստացվում։ Այս գինու և խաղողի պահանջարկը շատ մեծ է, նույնիսկ՝ թանկ։ Եթե մնացած խաղողները վաճառում են, օրինակ, 140-150 դրամով, սա 200 դրամ է լինում։ Սպիտակ ու վարդագույն գինիներ էլ եմ ունենում՝ խաղողի տարբեր սորտերից, իհարկե։ Սպիտակ գինին «Բանանց» սորտից եմ սարքում, վարդագույնը՝ «Մոլդովական» (մեր շրջանում այդ սորտն այսպես ենք անվանում, բայց, իրականում, ուրիշ անուն ունի), մուգ կարմիրը՝ «Կարմրահյութ»»,- պատմում է Վասակը:

Բերդ համայնքի տնտեսության մեջ գերակշռողը բազմաճյուղ գյուղատնտեսությունն է, որի մեջ առանձնանում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունն ու դաշտավարությունը։ Քանի դեռ գինին շատ չի վաճառում, 3 հա խաղողի այգու բերքը բավականացնում է արտադրանքի համար։ Անցյալ տարի 1500 լ գինի է ստացել.

«Հաստատ մեր շրջանում գինեգործությունը շահութաբեր չի կարող լինել։ Տարածքը կտրված է, տուրիստներ շատ քիչ են լինում ու հատուկենտ մարդիկ, որ գինի չեն ունենում։ Մինչև Շամշադինում չզարգանա տուրիզմը, մենք հաջողության չենք հասնի»,- ասում է Վասակ Միրզախանյանը։

Մասնագիտությամբ հողաշինարար, գործունեությամբ գինեգործ Վասակ Միրզախանյանն իսկական «գյուղի մարդ» է, ինչպես ասում են, ծառ է տնկել, տուն կառուցել ու որդի ունեցել։ Մշակում է, երևի թե, ամեն ինչ՝ կարտոֆիլ, ցորեն, եգիպտացորեն, լոբի, բանջարեղեն։ Գյուղում, ասում է, իր չափ բանջարեղեն մշակող չկա։ Նաև խնձորի այգի ունի։

«Խաղողի այգի մշակելը հեշտ գործ չի. պիտի ամեն օր մեջը լինես։ Մեզ մոտ այգու աշխատանքներն սկսում են մարտից՝ էտում ենք, կապում, բուժում, ջրում»,- պատմում է արդեն փորձառու գինեգործը։

Ասում է՝ հնարավորություն շատ է ունեցել  արտերկիր մեկնելու, բայց նախընտրել է գյուղում մնալ, որովհետև «իր սիրտը լեռներում է»։

Աննա Խաչատրյան