Լրահոս
Իրավական
14:27
08.01.21
92

Ես վերահաստատում եմ՝ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա․ Ռուստամ Բադասյան

Img default alt hy

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նախարարության դիմաց լրագրողների և քաղաքացիների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելու է փաստաթուղթ, որով Հայաստանը նոր զիջումների է գնալու։

«Նման պայմանագիր չի ստացվել, Արդարադատության նախարարությունում նման պայմանագիր գոյություն չունի։ Տարածված լուրն ամբողջությամբ սուտ է»,-ընդգծեց Բադասյանը։

Նա նշեց՝ նոր ոճ է ի հայտ եկել՝ թելեգրամյան անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում, որից հետո դա տարածում են նաև մյուս ԶԼՄ-ները։ «Արդյունքում հասարակությունում առաջանում են հուզումներ, սխալ տեղեկությունների հիման վրա՝ անհանգստություններ։ Կոչ եմ անում չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,-ասաց նախարարը։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի դիտարկմանը, թե եթե պայմանագիր չէ, արդյո՞ք այլ փաստաթուղթ էլ չկա, Բադասյանն արձագանքեց․ «Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, միջազգային պայմանագիր, գոյություն չունի, չի ստացվել»,-ասաց նա։

Մելիքյանը նաև հարցրեց՝ Բադասյանը՝ որպես արդարադատության նախարար, տեղյա՞կ է՝ կա՞ փաստաթուղթ, որը նախատեսվում է հունվարի 11-ին ստորագրել Մոսկվայում, որին նախարարը պատասխանեց․ «Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես՝ որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի նման միջազգային պայմանագրի գոյության մասին»,-ասաց նա՝ նշելով, թե չի քննարկվել նման հարց, ինքը որևէ նման տեղեկություն չունի նման պայմանագրի մասին։

Հարցին՝ վարչապետը որքանով իրավասություն ուներ ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ առանց ԱԺ-ի, ՍԴ-ի, Բադասյանն արձագանքեց, թե նշված փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումներ հնչել են, անհրաժեշտության դեպքում կրկին կհնչեն։ «Դա մտադրությունների մասին հայտարարություն է։ Հստակ տարբերակումներ կան՝ ինչն է համարվում մտադրությունների մասին հայտարարություն, որը՝ բանակցությունների մաս, որը՝ միջազգային պայմանագիր»։

Հարցին՝ մտադրությունների հիման վրա սահմանների փոփոխությունն իրավակա՞ն է, նախարարն արձագանքեց, թե սահմանների փոփոխություն տեղի չի ունենում։ «Խոսք չկա դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին։ Ոչ մի նման պրոցես տեղի չի ունենում»,-ասաց Բադասյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա էին անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված էին, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։