Լրահոս
Հասարակական
14:00
29.03.22
290

ԵՊՀ ռեկտորն իր աշխատավարձը գրեթե եռապատկել է. «Hraparak.am»

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է.

«Օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել մի որոշում, որը մինչ այժմ գաղտնի է պահվում բուհի դասախոսներից և աշխատակիցներից: ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, համաձայն ռեկտորի գրած հաստիքացուցակի՝ ռեկտորն իր աշխատավարձը 570 հազար դրամից բարձրացրել է 1 մլն 23 հազար դրամ, դրան գումարած՝ սահմանել է ամեն ամիս ևս 300 հազար դրամ լրավճար:

Այսինքն՝ ռեկտորի աշխատավարձը 570 հազարից միանգամից դարձել է 1 մլն 323 հազար՝ բարձրանալով կրկնակիից ավելի՝ մոտ եռապատիկ: Պրոռեկտորների աշխատավարձը 495 հազար դրամից բարձրացրել է 837 հազար դրամ, դրանից բացի՝ սահմանել է ամեն ամիս ևս 250 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ պրոռեկտորի աշխատավարձը 495 հազար դրամից միանգամից դարձել է 1 մլն 87 հազար:

Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից բարձրացրել է 511 հազար դրամ, դրան գումարած՝ ամեն ամիս ևս 200 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից միանգամից դարձել է 711 հազար:

Սրան գումարած, ռեկտորի առանձին հրամանով, հեռակա ուսուցման եկամուտների հաշվին ստանում են սահմանված լրավճարի չափով հավելավճար, որը երբեք չի հրապարակվում և պահվում է գլխավոր հաշվապահի մոտ:

Վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացվել, կա՛մ բարձրացվել են ոչ ավելի, քան 15%-ով:

Բայց այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, քանի որ այս բարձրացումների ֆոնին ԵՊՀ ամենաառաջնային և կարևոր շարժիչ ուժի՝ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը շարունակում է մնալ լացելու չափ ծիծաղելի. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 341 հազար դրամ, գիտությունների թեկնածու, դոցենտ դասախոսը՝ 284 հազար, գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսը՝ 200 հազար դրամ:

Այսինքն, եթե անգամ ԵՊՀ երեք տարակարգի դասախոսների աշխատավարձերն իրար գումարենք, կկազմի 825 հազար դրամ և չի հասնի ո՛չ ռեկտորի, ո՛չ պրոռեկտորի, ո՛չ էլ ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին:

Փաստորեն, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ընտրվելուց առաջ ԵՊՀ դասախոսներին և աշխատակիցներին տված խոստումը՝ արժանապատիվ աշխատավարձի մասին, նախևառաջ վերաբերում էր իրեն, իր պրոռեկտորներին և աշխատակազմի ղեկավարին»: