Լրահոս
Քաղաքական
23:48
19.01.23
186

Ելակի փոխարեն կարելի էր տաքացման համակարգ տեղադրել․ նախարարը պետք է հրաժարական տա․ Երվանդ Թարվերդյան․ News.am

Img default alt hy

Խաղաղ պայմաններում մեկ օրում 15 մարդու մահը աբսուրդ կարելի է համարել. Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր հայկական բանակն անգամ զորամասը նորմալ վիճակում չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում գտնվող ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությանը:

«Եթե դա դիրքերում լիներ, դեռ կարելի էր պատճառաբանել, որ չենք հասցրել կահավորել, թեև դա էլ ընդունելի չէ: Ելակի փոխարեն կարելի էր տաքացման համակարգ տեղադրել: Մենք խոսում ենք այսօր կառավարության նիստում անվտանգության համակարգերից. Ի՞նչ կապ ունի անվտանգային համակարգը, երբ, ըստ վարչապետի ներկայացրածի, սպան ցանկանում է բենզինով վառարան վառել: Սա նշանակում է, որ դյուրավառ բենզինը եղել է այդտեղ, որն արգելված է վառարանի համար: Կարելի է ենթադրել, որ նավթ չի եղել վառարանների համար:

Մյուս կողմից վարչապետն իր հայտարարությամբ քննչական մարմիններին ուղղորդում է, թե  ինչ է եղել: Պատկերացրեք՝ քննիչը փորձի այլ ուղղությամբ քննություն տանել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ մի շարք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել այս դեպքից հետո, Թարվերդյանն ասաց. «Ժամանակին Գերմանիայի  պաշտպանության նախարարին մեղադրեցին, որ իր դոկտորական թեզում ինչ-որ մի մաս արտագրել էր այլ գիտական աշխատությունից, և նա հրաժարական տվեց: Կարծում եմ՝ մեր պաշտպանության նախարարը պետք է ոչ թե սպասի, որ հեռացնեն պաշտոնից, այլ ինքը պետք է  հրաժարական տա:

Ասում են՝ սեպտեմբերին հակառակորդն առաջ եկավ, որովհետև չէինք հասցրել կահավորել դիրքերը, զենք չենք կարողանում ձեռք բերել, որովհետև հակառակ կողմը պայմանավորվածություններ են խախտել: Այսքան հակասությունների պարագայում էլ ի՞նչ պետք է լինի, որ նախարարը հրաժարական տա: Էլ ի՞նչ լինի, որ դուք հրաժարական տաք ու ասեք՝ մենք չենք կարողանում ղեկավարել այս համակարգը:

Ընդհանրապես ի՞նչ խղճով էին պաշտպանության և ՆԳ նախարարները մասնակցում կառավարության նիստին, նրանք տեղում պետք է լինեին: Պաշտպանության նախարարը դեռ գիշերը պետք է այնտեղ լիներ»:

Երվանդ Թարվերդյանի խոսքով, Հայաստանում մարդու կյանքը չի գնահատվում, մահերը դարձել են վիճակագրության թվեր. «Պաշտոնյան պետք է գիտակցի, թե ինքն ինչ պաշտոնում է աշխատում: Շատերը դա չեն գիտակցում: Այս անգամ քրեական գործ է հարուցվել, բայց քանի դեռ իշխանությունները սպորտային մոդելով են կառավարում, այսինքն իրենց թիմով են խաղում, ոչինչ չի փոխվի: Հասկացանք, որ կա թիմ, կա իշխանություն, բայց մի խառնեք կառավարումն ու իշխանությունը, կառավարումը պետք է իրականացնեն պրոֆեսիոնալները»,-ընդգծեց նա: