Լրահոս
Իրավական
12:23
20.05.22
221

Դատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն. փաստաբան

Img default alt hy

Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը, գրել է պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 

«Արդեն տեղեկացրել եմ, որ երեկ, ուշ գիշեր, դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժելու մասին և Ա․Գալեյանը արգելանքից ազատվեց։

Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի․

Էական չէ թե որքանով էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր քննիչի միջնորդությունը, որքանով էին հիմնավոր կամ ոչ հիմնավոր պաշտպանական կողմի առարկությունները։

Էական է այն իրողությունը, որ երեկ ԴԱՏԱՎՈՐ Արմեն Պողոսյանի կողմից իրականացվեց, բառիս բուն իմաստով, միջնորդության ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ Միջնորդության քննությունը օրենսդրական դատավարական ձևակերպում է, սակայն գործնականում և հիմկանակում դատարաններում բողոքի քննություն չի իրականացվում։

Դատավորը ֆորմալ դատավարական պահանջների ապահովումից հետո լսում է քննիչին, պաշտպանին ու մեղադրյալին և անցնում որոշման կայացմանը։ Սակայն նմանատիպ գործընթացը չի համապատասխանում ,,Միջնորդության քննություն,, դատավարական եզրույթի էությանն ու բովանդակաությանը։

Դատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն, բազմաթիվ հարցեր ուղղվեցին թե պաշտպանական կողմին և թե քննիչին, Դատարանը ձեռնամուխ եղավ բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությանը, որն էլ հիմք հանդիսացավ օբյեկտիվ որոշման կայացման համար։

Միջնորդությունների նման քննությունը հույս է առաջացնում, որ արդարադատության համակարգը դեռ վերակենդանալու շանսեր ունի, իսկ Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը»։