Լրահոս
Իրավական
15:38
26.12.22
136

Բժիշկը թմրամիջոց է ներկրել քրեակատարողական հիմնարկ՝ դատապարտյալին իրացնելու նպատակով

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների օպերատիվ բաժինների ծառայողների հետ համատեղ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 15:40-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժիշկ Մ. Ն.-ին:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, Բժիշկ Մ.Ն.-ի մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 22 գրամ և 12,4 գրամ քաշերով զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող՝ 3,1 գրամ, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող՝ 65 գրամ զանգվածներ: Նշված թմրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:

Մ.Ն.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ դեկտեմբերի 25-ին միջնորդություն է ներկայացվել դատարան բժիշկ Մ.Ն.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: