Լրահոս
Միջազգային
23:15
19.01.23
136

Բայդենն առաջիկա շաբաթներին կարող է հայտարարել երկրորդ ժամկետի համար թեկնածությունն առաջադրելու պլանների մասին

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարել 2024 թ.-ի ընտրություններին մասնակցելու իր պլանների մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Hill պարբերականին:

«Դա դեռ պլանավորման փուլում է, և ոչինչ չի փոխվել», - հրատարակությանը հայտնել Է իրազեկ աղբյուրներից մեկը:

Քարոզարշավին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ հաղորդել են, որ Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին հայտարարել փետրվարի 7-ին երկրի իրադրության շուրջ ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձից հետո։ Իսկ ավելի պաշտոնական հայտարարությունը կարվի գարնան մոտ, ընդգծել են նրանք։

Աղբյուները նաև նշել են, որ Բայդենի փոխնախագահության տարիների հետ կապված գաղտնի փաստաթղթերի հայտնաբերումը չի փոխել նախագահի ծրագրերը։ Մինչդեռ Դեմոկրատական ​​կուսակցության մի քանի անդամներ կարծում են, որ գաղտնի փաստաթղթերի հետ կապված պատմությունը կարող է վնաս հասցնել Բայդենին։

«Փաստաթղթերի հետ կապված խնդիրը չի խանգարի նրան՝ առաջադելու թեկնածությունը, բայց դա կդժվարացնի Թրամփի (խմբ.՝ ԱՄՆ-ի նախկին նախագահի) մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի պատճառով նրան ուղղակիորեն հարվածելու և այդ ճակատում ակնհայտ առավելություն ստանալու փորձերը», - ասել Է հանրապետական ​​Քևին Մեդդենը՝ սենատոր Միթ Ռոմնիի նախկին խորհրդականը:

Օրերս հայտնի է դարձել, որ Վաշինգտոնում գտնվող Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում, իսկ այնուհետև նախագահի անձնական ավտոտնակում ու նստավայրում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք կապված են նրա փոխնախագահության տարիների հետ: Սա գաղտնի փաստաթղթերի օգտագործման կանոնների կոպտագույն խախտում է։