Լրահոս
Տարածաշրջան
22:10
27.12.22
175

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին․ Ղարիբաշվիլի

Img default alt hy

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին, տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին նշել է, որ երկաթուղու կառուցումն ակտիվորեն ընթանում է, և աշխատանքի 86 տոկոսն արված է:

«Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր բարեկամ Ադրբեջանի հետ, և այս նախագիծն ավարտելու համար հատկացվել է 100 մլն դոլար: Երկու տարի հետո նշված նախագիծը պաշտոնապես կբացվի»,- Aliq Media-ի հաղորդմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին։

Ի դեպ, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում ասել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։

Նշենք, որ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այս նախագծի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը՝ Վրաստանով։

Դրանից բացի, Վրաստանում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ հատվածի վերակառուցումը։ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է հատկացրել՝ ընդհանուր 775 մլն դոլարի չափով։

Հիշեցնենք. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։