Լրահոս
Միջազգային
12:39
20.05.22
223

Բաց նամակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին և դիվանադիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Img default alt hy

Ինչպես տեղյակ եք, ս.թ. ապրիլի 17-ից խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվում են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները իրականացնում են խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ, գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։

«Հրավիրում ենք Ձեր ուշադրությունն այն հանգամանքին, որ ոստիկանության զորքերի և ոստիկանության պարեկապահակետային ծառայության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ, բռնի ուժ, որի կիրառման դեպքերն օրեցօր ավելանում են՝ ընդունելով էլ ավելի վտանգավոր՝ անհանդուռժողականությամբ ու ատելիությամբ լի դրսևորումներ:

Օրինակ, հաճախ տեսնում ենք տեսարաններ, երբ տարածքից հեռացվող ցուցարարը պառկած է գետնին, ու մի քանի ոստիկան բռունցքով հարվածում են նրան: Բազում այլ դեպքերում բռնություն է կիրառվում նաև խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվել են գործողությունների տարածքում կամ ուղղակի անցնելիս են եղել:

Հարկ է նշել նաև, որ ս.թ. մայիսի 18-ին առավել քան նախորդ օրերին արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել են անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու բազում դեպքեր։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևոր հանգամանքի. ոստիկանության կողմից ուժի չարաշահումը կարող է մարդկանց զրկել կյանքի իրավունքից։ Եթե ​​ոստիկանությունը ուժ է կիրառում չափից դուրս կամ անհարկի, ապա դա կարող է նաև համարվել խոշտանգում կամ դաժան վերաբերմունքի այլ ձև: Միաժամանակ, ոստիկանության անպատժելիությունը կարող է հանգեցնել բռնության նոր փուլերի:

Ոչ ոք օրենքից վեր չէ, հատկապես նրանք, ում պարտականությունն է օրենքն ապահովել և կյանքի կոչել, կիրառել: Կան միջազգային խիստ օրենքներ և չափորոշիչներ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կողմից, թե ինչպես ու երբ ոստիկանությունը կարող է ուժ կիրառել: Միջազգային իրավունքի համաձայն՝ ոստիկանները պետք է ուժ կիրառեն միայն որպես վերջին միջոց։ Դա նշանակում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է, որ պաշտպանեն իրենց կամ այլ մարդկանց մահվան կամ լուրջ վնասվածքի անմիջական սպառնալիքից, և միայն այն դեպքում, եթե չկան այլ միջոցներ այդ սպառնալիքից խուսափելու համար:

Հարգելի դեսպաններ, վերոգրյալի համատեքստում չափազանց մեծ անհանգստություն է առաջացնում և զարմանք՝ ներկայացված դեպքերի վերաբերյալ և ոչ միայն, Ձեր հստակ, թիրախային ու ընդհանրապես որևէ արձագանքի, մտահոգության արտահայտման, քննադատության ակնհայտ բացակայությունը: Տպավորություն է ձևավորվում, որ Դուք կիսում եք խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից այս անտրամաբանական, անբացատրելի ու անհամաչափ բիրտ ուժի կիրառումը, որը հակասում է ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային օրենքներին և չափորոշիչներին, ժողովրդավարության սկզբունքներին և նորմերին, կամ գործարքի մեջ եք գտնվում այս իշխանությունների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հետևողական մասնատման, երկու հայկական պետությունների կանխամտածված հայաթափման այս գործում»: