Լրահոս
Քաղաքական
11:30
26.03.25
238

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

Img default alt hy

Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Նախագծի փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է.«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությանը չէր մասնակցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագծի քվեարկությանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ էր քվեարկել նախագծին։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը նույնպես «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց, իսկ «Պատիվ ունեմ»-ը դեմ քվեարկեց։