Լրահոս
Հասարակական
09:05
08.04.22
462

Այս իշխանությունը հաշտեցրեց մեզ 18 տարեկանի մահվան հետ, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ․ «Hraparak.am»

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Այս իշխանությունների գլխավոր մեղքն այն է, որ 4 տարվա ընթացքում մեզ հաշտեցրեց անհաշտելիի հետ: Հաշտեցրեց 18-20 տարեկան երիտասարդների անժամանակ ու ողբերգական մահվան հետ:

Հաշտեցրեց թշնամու առաջ փախչելու ամոթալի տեսարանների հետ` մենք ականատես եղանք, թե ինչպես են զինված հայ մարդիկ լքում պոստերը:

Հաշտեցրեց նրա հետ, որ մեր վախկոտ ու ողորմելի հարևանները կարող են ամենօրյա ռեժիմով հայերին հայհոյել ու նվաստացնել, իսկ մենք՝ նրանցից գետնատարած խաղաղություն ու բարեկամություն մուրալ:

Հաշտեցրեց թշնամու հանդեպ ծով հանդուրժողականության, իսկ մեր հայրենակիցների հանդեպ` անհանդուրժողականության եւ խոր ատելության հետ:

Մեր առօրյա մտցրեց ատելության խոսքն ու հայհոյանքը: Համոզեց, որ թուրքն ու ադրբեջանցին ավելի ընդունելի են, քան ՀՀ նախկին պաշտոնյաները:

Հաշտեցրեց հող հանձնելու, երկիրն անպաշտպան թողնելու, սահմաններից հետ քաշվելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ:

Մի ամբողջ ժողովրդի, որի ամենահին կուսակցության գլխավոր լոզունգը «Մահ կամ ազատությունն» է, համոզեց, որ ազատությունը ոչինչ է, իսկ մահվանից ու պատերազմից պետք է խուսափել ամեն գնով` անգամ ստրուկի կարգավիճակում ապրելով:

Համոզեց, որ հայրենիքի համար կռվելն արժանիք չէ, և ազգային հերոսները բաքսի ու տուշոնկա գողացողներ են ընդամենը: Իր բանակն ու զինվորին պաշտող հասարակությանը հաշտեցրեց այն մտքի հետ, որ մեզ բանակ պետք չէ, և մեր երկրի ամեն մարզ ինքը պետք է մտածի իր պաշտպանության մասին:

Հաշտեցրեց բազմաթիվ այլ իրողությունների հետ: Օրինակ, որ տգետ և բացարձակապես ապաշնորհ մարդիկ կարող են հսկայական ոլորտներ ղեկավարել, իսկ ամենապատասխանատու պաշտոններում կարելի է տարիներով մարդ չնշանակել: Նշանակվածներին էլ կարելի է թաշկինակի պես փոխել»: