Լրահոս
Հասարակական
10:54
01.04.22
146

Այլ անձանց գույքը նույնպես վերագրում են իրեն, նպատակը շոու ապահովելն էր․ «Հրապարակ»

Img default alt hy

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն, ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021թ. բացահայտվել են ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ ՀՀ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց, գրել է «Hraparak.am»-ը։

«Ուսումնասիրությունների մի մասը վերաբերում է նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքին։ Օրինակ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նրա կինը, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, նրա կինը, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը, վերջինիս հետ փոխկապակցված 10 անձ և ուրիշներ հրավիրվել են դատախազություն՝ իրենց պատկանող ենթադրաբար ապօրինի գույքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։

Մի քանի գործով գույքերի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են, մի քանիսն ուղարկվել են դատարան, մյուսներով էլ դեռ քննություն է ընթանում։

Բայց ոչ մեկով չկան դատարանի դատավճիռ և հաստատված փաստ։

Նախօրեին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի քանի տասնյակ գույք, մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, հասարակական նշանակության 4 տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասը, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ։

Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։ 293.328.805,1 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 748.762.865,56 ՀՀ դրամ:

Վահրամ Գուրողլյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, ասաց․

«Դիրքորոշում ենք ներկայացրել, որ բոլոր գույքերն օրինական են, յուրաքանչյուր գույքի օրինական ծագումը փաստարկված ապացույցներով ներկայացրել ենք։ Իրենց սուբյեկտիվ, գնահատողական դատողություններն են, որևէ փաստարկ չկա, որևէ ողջամիտ փաստարկով մեր ներկայացրած փաստերը չեն հերքել»։

Անդրադառնալով փոխկապակցված անձանց գույքին, որոնք ևս կալանքի տակ են, փաստաբանն ասաց, որ խոսքը Գուրողլյանի մոր և կնոջ գույքի մասին է․

«Նշված գույքի մեծ մասն իրեն չի պատկանում, անձինք կան, որոնց գույքը նույնպես վերագրում են իրեն, նպատակը, հավանաբար, շոու ապահովելն էր»։

Փաստաբանի խոսքով՝ դատախազությունը հնարավորություն ունի անձի հետ կապված այլ անձանց գույքը ևս ուսումնասիրել, սակայն սա այդ դեպքը չէ․

«Եթե վերանանք այս գործից, ապա օրենքի իմաստով կարող է մեկ ուրիշի անվամբ գույք գրանցված լինի, սակայն իրական սեփականատերը լինի որևէ անձ։ Եթե փաստեր ունեն, որ դա իրականում պատկանում է իրենց հետաքրքրող անձին, կարող են․․․․ Բայց այս դեպքում իրենք ապացույց չունեն։ Մենք փաստարկված ներկայացրել ենք, որ կնոջ, մոր գույքերի հետ առնչություն չունի, այդ անձինք են ինքնուրույն ձեռք բերել իրենց գույքերը, և հիմնավորել ենք համապատասխան ապացույցներով»։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի շահերը, մեզ ասաց, որ գույքերի ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, նյութերին ծանոթանալու փուլում են, դեռ դիրքորոշում չեն հայտնել։ Մեր հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց, որ դատախազությունում ուսումնասիրության առարկա է դարձել նաև Գրիգորյաններին պատկանող՝ Ակնալիճ գյուղում գտնվող այն տարածքը, որը կալանքի տակ եղած ժամանակ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե փոխանցում է պետությանը»։