Լրահոս
Հասարակական
09:40
31.03.22
302

Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկանում ենք ԵՄ կայքից։

Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն»,- ասված է ԵՄ կայքում։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի ի թիվս այլ հարցերի շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ:

Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի: