Լրահոս
Հայաստան
10:24
18.07.22
224

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է․ ՀԿ-ների ցավակցագիրը

Img default alt hy

«Պահեստազորի սպաներ» շարժումը, «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժումը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ-ն, «Հայ ազգային գվարդիա» ՀԿ-ն, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ-ն և «Վերադարձ» հիմնադրամը ցավակցագիր են ներկայացրել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին։

«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում և զորակցություն հայտնում բոլորին:

Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի: 

Արժանապատիվ հայրենակիցնե՛ր.

Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության I ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրև այլախոհ և ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով:

Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որևէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում:

Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին  այն  արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»: