Լրահոս
Արցախ
14:12
26.12.22
64

Արդեն 2 շաբաթ է՝ Արցախը շրջափակման մեջ է. ՆԳՆ ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության

Img default alt hy

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

Դեկտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 856 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել է շուրջ 103 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Բնապահպանական պատճառաբանություններով Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն 2 շաբաթ է՝ Արցախը կատարյալ շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: