Լրահոս
Աշխարհ
19:00
14.02.26
82

Ամերիկացի զինվորականները հայտնել են Սիրիայում «Իսլամական պետության» շուրջ 30 օբյեկտներին հարվածելու մասին

Img default alt hy

ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 3-12-ը Սիրիայում գրոհել են «Իսլամական պետություն» խմբավորմանն առնչվող ավելի քան 30 թիրախներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«CENTCOM-ի ուժերը փետրվարի 3-12-ը Սիրիայում 10 հարված են հասցրել ԻՊ-ի ավելի քան 30 թիրախներին՝ խմբավորման ահաբեկչական ցանցի մնացորդների վրա անընդհատ ռազմական ճնշում գործադրելու նպատակով»,- նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ ամերիկյան օդուժը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, հարվածել են խմբավորմանը պատկանող զենքի պահեստներին և ենթակառուցվածքներին։ Միաժամանակ, նշվում է, որ հունվարի 27-ից փետրվարի 2-ը ևս հինգ հարված է հասցվել «Իսլամական պետությանը»։

CENTCOM-ը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները սկսել է «Hawkeye Strike» գործողությունն այն բանից հետո, երբ ԻՊ-ի ահաբեկիչները 2025 թվականի դեկտեմբերի 13-ին Պալմիրայում հարձակվել էին ամերիկյան և սիրիական ուժերի վրա, ինչի հետևանքով զոհվել էին ամերիկացի երկու զինծառայողներ և քաղաքացիականի կարգավիճակ ունեցող մեկ թարգմանիչ, իսկ ևս երեք զինծառայող վիրավորվել էր։