Լրահոս
Քաղաքական
11:18
12.04.22
256

Ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանությունները՝ իրենց գործողություններով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմադիրները վտանգում են արցախցուն և Արցախը։

«Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը և Արցախից ձեռքերը լվալու և հրաժարվելու գործողությունները»,- ասել է Սաղաթելյանը։

Պատգամավորը նշել է, թե ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի։

«Իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով»,- ասել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ շատ արագ գործընթացներ են տեղի ունենում, բրյուսելյան վերջին հանդիպումը ևս դրա վկայությունն է։

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը։ Այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր՝ նպատակահարմար չենք գտնում»,- ասել է Սաղաթելյանը։