Լրահոս
Առողջապահական
20:00
17.08.22
130

Աղիքների դիսկինեզիա. ի՞նչ անել երեխայի մոտ հիվանդության սրացման դեպքում

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Աղիքների դիսկինեզիան երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիաներից է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։

Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն):

Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների քրոնիկ փորկապության դեպքերը։

Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն իրականացվում է լուծողական դեղամիջոցների կամ հոգնայի օգնությամբ։ Որոշ դեպքերում ինքնուրույն արտաթորությունը կատարվում է երկարաժամկետ ընդմիջումներից հետո:

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել փորկապության իսկական պատճառը։ Ճիշտ ախտորոշումը և բուժման ռացիոնալ տակտիկայի ընտրությունը շատ դեպքերում կախված է հիվանդի հետազոտման բնույթից։

Մարսողական համակրգի ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են աղիքների զարգացման արատի, ուռուցքի կասկածների դեպքում։

Հիվանդության բուժումն առաջին հերթին ուղղված է նրա առաջացման պատճառների վերացմանը։ Փորկապության դեպքում անհրաժեշտ է վերացնել սնուցման թերությունները։ Անհրաժեշտ է բազմազան սնունդ նշանակել։ Չպետք է երեխային երկար ժամանակ կաթով կերակրել։ Բարձր տարիքի երեխաներին անհրաժեշտ է տալ կոշտ, բջջանքով հարուստ սնունդ` սև հաց, կաղամբ բուսական յուղ, ավելացնել մրգերի, այդ թվում նաև չոր մրգերի (սև սալոր, ծիրան, չամիչ և այլն) քանակը։

Սննդում անհրաժեշտ է ավելացնել վիտամիններ, հատկապես B1 վիտամին, որը կարգավորում է մարսողական համակարգի գալարակծկանքը։ Մկանների ամրապնդման նպատակով առաջարկվում է բուժական ֆիզկուլտուրա։ Փորկապությունների դեպքում նշանակվում են կծկումները վերացնող միջոցներ։ Հոգնաները, լուծողական միջոցները նշանակվում են միայն բժշկի խորհրդատվությամբ և կատարվում շատ զգույշ, քանի որ երեխայի մոտ կարող է առաջանալ ընտելացում»։