Լրահոս
Քաղաքական
23:00
23.03.25
379

Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ. Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Oրերս Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել է մեզ պարտադրվող, մինչ օրս չհամաձայնեցված երկու պահանջները ևս։

Մինչ իշխող Քաղաքացիական պայմանագիրը փորձում է սա ներկայացնել որպես հաղթաթուղթ, Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։

Սրանից բացի, առաջ են քաշվում միջանցքի տրամադրման, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, հայ-ադրբեջանական սահմանից դիտորդների դուրս բերման, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ նախապայմանները։

Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝ միառժամանակ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ունի 0 վստահություն։

Խաղաղության ձեռքբերումը պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը։ Բայց այդ ճանապարհին մենք չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը, հրաժարվենք ազգային իղձերից, արժեքներից, պատմությունից։

Այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլ, նախևառաջ, մեր ժողովրդի ինքնության և գոյության համար։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում այս փաստաթուղթը և թույլ չտա, որպեսզի այն վաճառեն իր վրա որպես Խաղաղության համաձայնագիր»։