Լրահոս
Քաղաքական
12:14
12.08.22
90

Վիետնամն ԱՄՆ-ին և Չինաստանին կոչ Է արել չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում

Img default alt hy

Վիետնամը կողմերին կոչ Է անում դրսևորելու զսպվածություն և չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտարարել Է արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թի Թու Հանգը, օգոստոսի 12-ին հաղորդել Է Վիետնամի լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել Է Թավանի հարցի շուրջ Հանոյի հետևողական դիրքորոշումը, որը, նրա խոսքով, հստակորեն արտացոլված Է համատեղ փաստաթղթերում, որոնք ստորագրվել են Վիետնամի և Չինաստանի ղեկավարների բարձր մակարդակով փոխադարձ այցերի ժամանակ: «Անշեղորեն հետևելով «մեկ Չինաստանի» սկզբունքին՝ Վիետնամը հուսով Է, որ շահագրգիռ կողմերը կդրսևորեն զսպվածություն, չեն բորբոքի լարվածությունը Թայվանի նեղուցում, ակտիվորեն կնպաստեն խաղաղությանը, կայունությանը, համագործակցությանը և զարգացմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- ասել Է Լե Թի Թու Հանգը: Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանը Վիետնամի կարևոր գործընկերներն են:

Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններն ազդում են խաղաղության, կայունության և բարգավաճման վրա գլոբալ մասշտաբով: «Վիետնամը ցանկանում Է, որ երկու երկրները պահպանեն առողջ և կայուն հարաբերություններ և բոլոր տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Իր կոմից Վիետնամը կշարունակի առաջ տանել հարաբերությունները երկու երկրների հետ, որոնք հիմնված են անկախության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա՝ ի բարօրություն մարդկանց, հանուն խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- ընդգծել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: