Լրահոս
Իրավական
20:50
01.02.23
175

Վառարանը վառել փորձող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ. «News.am»

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի գործով որպես մեղադրյալ ներգրավված կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին News.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Նշենք, որ հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել նաև կապիտանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետևանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, 3 զինծառայող ստացել են այրվածքներ:

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը և զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը. երկուսն էլ կալանավորված են»: