Լրահոս
Հասարակական
11:44
23.03.22
350

Վաղարշակ Վառնազիչի «վոյաժները» Մոսկվայում` Փաշինյանի այցին ընդառաջ․ «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մոսկովյան ռեստորաններից մեկում փետրվարի 27-ին գործարար Լևոն Մարկոսի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ, որին մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Այս հավաքը ո՛չ ավել, ո՛չ պակաս, ըստ շշուկների, նպատակ է հետապնդել դրամահավաք կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին սպասվելիք պաշտոնական այցի կազմակերպումն ապահովելու համար: 

«Փաշինյանի այցից առաջ իրենց հարմար տրամադրություններ ստեղծելու սցենարով` մարտի 16-ին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ինչ-ինչ հրահանգավորումներ տվել գործարարներին ու համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի Փաշինյանի մոսկովյան հանդիպումներին տպավորություն ստեղծեն, թե դեռ իրենց աջացող կա: 

Թե հիմա մոսկվահայ գործարարների գրպանի հաշվին ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, դեռ հայտնի չէ, բայց ասում են` մոսկվահայ գործարարների հետ շփումներում իր դերակատարությունն է ունեցել նաև դեսպան Հարությունյանի եղբայր Արթուր Հարությունյանը:

Ի դեպ, նույն Արթուր Վառնազիչը, պարզվում է` ինչ-ինչ իրավասություններով է օժտվել դեսպան եղբոր կողմից նաև ՀՀ դեսպանատանը: Օրինակ, սկսել է զբաղվել դեսպանատան կադրային և ֆինանսական հարցերով: Ավելին` Հարությունյանները լրիվ տնավորվել են դեսպանատանը: Այնտեղ է նաև դեսպան Վաղարշակ Վառնազիչի եղբոր որդին, ինչպես նաև հյուպատոս Գայանե Մկրտչյանի քրոջ դուստրը:

Ինչևէ, վերադառնալով Մոսկվա նախատեսված Նիկոլ Փաշինյանի այցին` նշենք, որ դրա համար, այսպես ասած, պարարտ հող նախապատրաստելու գործում ջանք չի խնայել նաև ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

Ըստ շրջանառվող լուրերի, նա պլանավորել է ստեղծել ՌԴ-ում կառավարելի համայնքային կառույց` ի դեմս «ՌԴ-ում հայ իրավաբանների» միության և նրա ղեկավար Շահեն Պետրոսյանի: Իսկ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր դիվանագիտական աշխատանքը թողած` լծվել է այս գաղափարը կյանքի կոչելու գործին: Սակայն, Զարեհ Սինանյանի այս ջանքերն էլ հակառակ էֆեկտն են տվել: 

Այս նախաձեռնությունը հրահրել է համայնքային ավանդական կառույցների և հայ եկեղեցու ընդվզումը և հղի է պառակտման հերթական ալիքով։

Նորանշանակ դեսպանը այսքանով հանդերձ, սակայն էլի հանգիստ «տիտիկ» չի անում, մեզ հասած լուրերի համաձայն, փետրվարի 22-ին էլ ռուսաստանյան մի շարք փորձագիտական և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ առաջարկել է լծվել երկարաժամկետ հետազոտական աշխատանքի` երաշխավորելով համապատասխան «ֆինանսավորում», մասնավորապես` կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության հանձնելու փաստի վերաբերյալ։

Փաստացի, Վաղարշակ Հարությունյանը ձեռքի հետ էլ զբաղված է իր պաշտպանության նախարար աշխատած ժամանակվա գործունեությունը սրբագրելու գործով, քանի որ ավտոճանապարհի հարցում կար նաև իր դերակատարությունը:

Աշխատանքն աշխատանք, բայց Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում չի մոռանում նաև իր անձնական բարեկեցության մասին: Խոսակցություններ կան, թե նա ծրագրում է առանձնատուն վարձակալել` մերձմոսկովյան Ռուբլյովկա էլիտար արվարձանում` մոսկվահայ գործարար Հակոբ Հովսեփյանի (ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հարազատ եղբայրը) հարևանությամբ:

Թե ինչու Հովսեփյանի, սա էլ հին պատմություն է: 

2013-17 թթ.-ին ասում են` Հովսեփյանը ֆինանսավորել է դեսպան Հարությունյանի հասարակական (փորձագիտական և վերլուծական) գործունեությունը, և հիմա էլ տեսակետներ են հնչում, թե ֆինանսավորում է դեսպանի կացության բոլոր ծախսերը:

Անդրադարձանք դեսպանի կացությանը և հիշեցինք, որ արևմտյան մի շարք երկրների կողմից ՌԴ պատժամիջոցների կիրառման հետևանքով հարյուր հազարավոր հայրենակիցներ, օգտվելով ՀՀ գործող օրենսդրությունից, շուտափույթ պատրաստվում են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, չնայած դրան, ՀՀ դեսպանատունը և հյուպատոսական հիմնարկները դանդաղում են մեր հայրենակիցներին սպասարկելու հարցում: 

Ավելին ստեղծվում են արհեստածին խնդիրներ, հերթագրումներ, աշխատանքային ժամերի փոփոխություն, ինչի հետևանքով առկա հատուկ իրավիճակում տեղի է ունենում սփյուռքահայության արմատական շահերի բացահայտ անտեսում և հանցավոր անտարբերություն։ Օրինակ, սահմանվել է, թե դեսպանատուն կարող են ընդունել ոչ ավել, քան օրական 20-30 դիմումատուի: 

Թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը, սա էլ ունի իր բացատրությունը: Նիկոլական իշխանությունը լավ գիտակցում է, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող և քաղաքացիություն ձեռք բերող հայերը բոլորովին էլ չեն դառնալու իրենց էլեկտորատը, և եթե վաղը ընտրություն լինի, կընտրեն ում ասես, բայց ոչ այս իշխանությանը»: