Լրահոս
Միջազգային
23:00
20.04.23
142

Թուրքիան պատրաստ է Սուդանի հարցով երկխոսության հարթակ տրամադրել. Էրդողան

Img default alt hy

Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Սուդանի շուրջ երկխոսության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ապրիլի 20-ին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սուդանի սուվերեն խորհրդի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Բուրխանի և Սուդանի սուվերեն խորհրդի ղեկավարի տեղակալ, արագ արձագանքման ուժերի առաջնորդ Մուհամեդ Համդան Դագալոյի հետ հեռախոսազրույցների ընթացքում:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունից հայտնել են, որ երկու առանձին զրույցների թեման Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունն ու եղբայրասպանությունը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է երկխոսության վերսկսման և ողջախոհության պահպանման կարևորությունը՝ Սուդանում առկա խնդիրները վերացնելու և Սուդանի ժողովրդի միասնությունն ապահովելու նպատակով:

Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի Սուդանի պետությանը, ժողովրդին և պատրաստ է որպես միջնորդ երկխոսության հարթակ տրամադրել:

Թուրքիայի նախագահը նշել է նաև Խարթումի օդանավակայանում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ հումանիտար միջանցք ձևավորելու նպատակով, ինչպես Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու, այնպես էլ այդ երկիր հրատապ մարդասիրական օգնություն հասցնելու համար: