Լրահոս
Առողջապահական
09:50
27.01.23
155

Սուր պերիտոնիտը կարող է հանգեցնել մահվան. հիվանդության առաջացումն ու ախտանիշները

Img default alt hy

Պերիտոնիտը որովայնի խոռոչի օրգանները ներսից ծածկող բարակ թաղանթի ՝ որովայնամզի բորբոքումն է։ Խնդիրը սովորաբար առաջանում է բակտերիալ կամ սննդային վարակից, գրել է Aysor.am-ը։

Բժիշկները տարբերում են պերիտոնիտի հետևյալ երկու տեսակները.

Ինքնաբուխ (սպոնտան) բակտերիալ պերիտոնիտ. Երբեմն պերիտոնիտը զարգանում է որպես լյարդային հիվանդության, օրինակ՝ ցիռոզի կամ երիկամային հիվանդության բարդություն

Երկրորդային պերիտոնիտ. Պերիտոնիտ կարող է զարգանալ որովայնի խոռոչում որևէ օրգանի պատռման պատճառով, կամ որպես այլ հիվանդության բարդություն:

Պերիտոնիտի ամենաբնորոշ ախտանիշը սուր որովայնային ցավն է, որն ուղեկցվում է որովայնի պատի լարվածությամբ, մարսողության խանգարմամբ և ընդհանուր այլ նշաններով: Չբուժվելու դեպքում ծանր պերիտոնիտը մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում կարող է բերել մահվան։

Պերիտոնիտը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն՝ ուղղված վարակի և հիվանդության պատճառ դարձած հիմնական հիվանդության բուժմանը: Պերիտոնիտի բուժումը սովորաբար ներառում է հակաբիոտիկներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև վիրահատություն: Չբուժվելու դեպքում պերիտոնիտը կարող է հանգեցնել ողջ օրգանիզմով տարածվող ծանր և կյանքին սպառնացող վարակի՝ սեպսիսի:

Պերիտոնիտի տարածված պատճառներից մեկը պերիտոնեալ դիալիզով բուժումն է: Եթե ստանում եք պերիտոնեալ դիալիզ, կարող եք պերիտոնիտի կանխարգելմանն օգնել պատշաճ հիգիենայի սկզբունքներին հետևելով՝ ինչպես դիալիզից առաջ, այնպես էլ հետո:

Պերիտոնիտի ախտորոշումը կարող է հիմնվել զննման, հիվանդության պատմության, ռենտգենյան հետազոտությունների, արյան անալիզների և ախտորոշիչ այլ մեթոդների վրա։ Պերիտոնիտ ախտորոշելիս բժիշկն ամենայն հավանականությամբ կառաջարկի հիվանդանոցային բուժում և անհետաձգելի վիրահատություն։

Պերիտոնիտի ախտանիշներից են՝

որովայնային ցավ կամ լարվածություն,

որովայնի փքվածություն կամ լցվածության զգացում,

բարձր ջերմություն,

սրտխառնոց և փսխումներ,

ախորժակի բացակայություն,

փորլուծություն,

միզարձակման կրճատում,

ծարավի մշտական զգացողություն,

թուլություն, հոգնածություն և շփոթվածություն:

Որոշ դեպքերում պերիտոնիտը կարող է զարգանալ նաև ավելի թույլ կամ անորոշ նշաններով՝ հատկապես քրոնիկ ընթացքի դեպքում։