Լրահոս
Առողջապահական
20:05
10.08.22
119

Skyce. ժամանակակից էսթետիկ ատամնաբուժության կողմից առաջարկվող ատամնազարդեր

Ատամներին լրացուցիչ փայլ տալու  համար ժամանակակից էսթետիկ ատամնաբուժությունն առաջարկում է ատամնային զարդեր՝ Skyce-եր, որոնք տեսակով յուրահատուկ, ատամների համար անվնաս զարդարանքի միջոցներ են և ունեն մեծ պահանջարկ:

Թեմայի շուրջ «Aysor.am»-ը զրուցել է ատամնաբույժ Լիլիթ Մեխակյանի հետ.

«Կազմված լինելով կայուն և իներտ նյութից՝ ատամնազարդի փայլուն հատկությունները պահպանվում են երկար ժամանակ և չեն թուլանում: Skyce-ի այն կողմը, որը շփվում է ատամների հետ, մշակվում է հատուկ և հստակ ձևով, որպեսզի ճանապարհ հարթվի ամուր և դիմացկուն ամրացում ստեղծելու համար՝ կանխելով դրա խարսխից հանկարծակի անջատումը և հնարավոր կուլ տալը»,- ասաց ատամնաբույժը:

Զարդը կարող է ամրացվել ցանկացած ատամի ցանկացած հատվածում՝ ըստ պացիենտի ցանկության, նաև ատամի անհարթ մակերեսին՝ այսպիսով ոչ միայն գեղեցկացնելով ատամը, այլև ծածկելով հնարավոր թերությունները։

«Skyce-ի տեղադրման գործընթացը ցավազուրկ է, տեղադրվում է առանց ատամի հյուսվածքը հղկելու և տևում է 30 րոպեից ոչ ավելի: Զերծ է սուր եզրերից, չի վնասում բերանի ներքին լորձաթաղանթը, շուրթերը և զուրկ է կողմնակի էֆեկտներից:

Ապագայում այն հեռացնել նույնպես հնարավոր է՝ առանց ցավի և ատամի ամբողջականությունը վնասելու: Skyce-ի պահպանումը շատ պարզ է և ոչ ժամանակատար: Ատամները կանոնավոր կերպով խոզանակելու դժվարություններ նույնպես չի առաջացնում»,- մանրամասնեց Լիլիթ Մեխակյանը:

Հավելենք նաև, որ ատամնազարդի տեղադրումը մատչելի է, չունի տարիքային սահմանափակում, կարող է պարբերաբար վերատեղադրվել, կամ փոխարինվել նորով։