Լրահոս
Միջազգային
13:15
19.04.23
192

Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա Կիևին ռազմամթերք փոխանցել

Img default alt hy

Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայի կողմից թույլտվություն կստանա համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, այդ թվում դա վերաբերում է զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով», - փոխանցում է ТАСС-ը նրա խոսքերը։

Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի:

Շվեյցարիայի չեզոքության պատճառով այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Համադաշնությունում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի համար արկերին: