Լրահոս
Մշակույթ
17:58
02.03.22
292

«Շատ մտահոգված եմ Հայաստանի և Արցախի վիճակով»․ հարցազրույց լեգենդար երգչուհի Ռոզի Արմենի հետ

Արտիստներ կան, որոնց անուն-ազգանունն արդեն բնորոշում է մի ամբողջ դարաշրջան, մշակույթի մի ամբողջ էպոխա։ 

Ռոզի Արմեն․ կյանքի 83-րդ տարում ապրող ֆրանսահայ աշխարհահռչակ երգչուհին վաղուց ի վեր կամրջել է մի քանի սերնդի երաժշտական համակրությունները, դարձել համաշխարհային երգարվեստի անշփոթելի անուններից մեկը։ Բազմաթիվ սիրված երգեր, անզուգական կատարումներ՝ ի դեպ աշխարհի տարբեր լեզուներով, ալբոմներ, մրցանակներ (ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ, Հանրապետության տոնի առթիվ՝ «Պատվո շքան» և այլն)։  Սրանք լեգենդար արտիստի կենսագրության մի մեծ ու կարևոր մասն են, բայց ՌՈԶԻ ԱՐՄԵՆ ֆենոմենն այդքանով չի ամբողջանում, ուստի սիրով ենք օգտվում նրա հետ զրուցելու երջանիկ պատեհությունից․

Ողջույն՝ Մայր Հայրենիքից․ Ինչպե՞ս եք։ 

Ռոզի Արմեն (Ռ․Ա) - Շնորհակալ եմ, շատ լավ եմ։

Վստահ եմ, հետևում եք Հայաստանում, Արցախում՝ հատկապես վերջին շրջանում կատարվող իրադարձություններին, բովանդակ հայության ճակատագրին։ Մտահոգվելու առիթները շատ են, թերևս․․․

Ռ․Ա․ - Անշուշտ, շատ մտահոգված եմ Հայաստանի վիճակով, և միշտ խորհում եմ Արցախի վիճակի մասին։ Խորհում եմ, թե ինչպես կկարողանան կանգնել թշնամու առջև։ Եվ հիմա այս նոր պատերազմից հետո բնավ չգիտեմ՝ ինչ մտածեմ։

Օտարություն․ սա հայի համար ոչ միայն բառ է, սովորական բառ, այլ, եթե կուզեք, հենց բառ չէ ընդհանրապես․ դա կյանք է, հիշողություն, երգ, վերք։ Ձեզ համար ի՞նչ է այն:

Ռ․Ա - Ինձ համար օտարություն նշանակում է ազատություն չունենալ, լինել օտարի քաղաքացի և իրենց իրավունքները գործածել ապրելու համար։ Մենք՝ հայերս շատ կապված ենք մեր հին պատմություններին, և մեր անմոռանալի պատմությունը միշտ մեր մտքերի մեջ է։ Մեր օտարությունը, առանձնությունն այն է, որ մեր արմատը և մեր սերը մեր ժողովրդի ու մեր երկրի համար շատ մեծ է։

Ի դեպ, Օտարություն հայտնի երգը միավորեց ձեզ ու մեր երիտասարդ տաղանդավոր երգիչներից մեկին՝ Սևակ Ամրոյանին, ու ձեր երաժշտական համագործակցությունից ծնվեց մի գեղեցիկ զուգերգ։ Առհասարակ Հայրենիքի հետ կապն ինչպես եք պահում, կոնկրետ ձեր մասնագիտական ասպարեզում նկատե՞լ եք հայ շնորհալի կատարողների։

Ռ․Ա․ - Այո, շատ սքանչելի է դուետը Սևակի հետ, շատ ուրախ եմ, իսկապես որ Սևակը լավ անձնավորություն է և տաղանդավոր։ Վերջին անգամ Երևանում էի 2021 թ․ սեպտեմբերին, շփումը հեշտ է հիմա, քանի որ ինտերներ կա։ Նկատեցի, որ հայ երիտասարդները շատ սիրուն են և շատ լավ արտիստներ ունենք, լավ երգչուհիներ, լավ ձայն ունեցող տղա կատարողներ շատ ունենք։

Ձեր լուսահոգի ծնողների ցանկությունն էր, որ դուք ընտրեիք բժշկի մասնագիտությունը, սակայն 4 տարեկանում սկսեցիք երգել, ու Ռոզի Հովհաննիսյանը (այնուհետև Պետրոսյան) ընտրեց երգի ուղին, վերցնելով Ռոզի Արմեն բեմական անունը։ Տարիների հեռվից ձեր այդ որոշումն արդարացված համարում ե՞ք։

Ռ․Ա․ - Անշուշտ, բժիշկ լինեի, շատ լավ կլիներ, բայց իմ ցանկությունը երգելն էր։ Իհարկե, երգչուհի լինելը դժվար է, երբ արդեն մայրիկ ես դառնում, պարտականություններդ շատանում են,  և առաջացած տարիքում արդեն պետք է ստիպված մոռանաս երգելու մասին։ 

Բայց չեմ կարծում, որ լավ բժիշկ կլինեի, չնայած։ Շատ ուրախ եմ իմ որոշմամբ, հոգիս հանգիստ է։ Մտածել, տեսնել, որ 60 տարի ինձ չեն մոռացել, արդեն հաջողություն է։

Ի դեպ, բարձրակարգ արվեստն ու մշակույթը, երգն ու երաժշտությունը ունեն բուժիչ հատկություն, այնպես որ, մեծ հաշվով, դուք ինչ-որ առումով կատարել եք նաև ձեր ծնողների երազանք-ցանկությունը։ Այդպես չէ՞։

Ռ․Ա․ - Ծնողներիս երազանքը չկատարեցի, բայց իմ հայրիկը լավ հասկացավ, որ բնավ չեմ փոխելու միտքս, և երբ առաջին Օլիմպիան երգեցի, հայրիկս ուրախությունից սրտի ցավ ունեցավ և արտասվեց։

Հայաստան գալու միտք, նպատակ ունե՞ք․ ե՞րբ եք եղել վերջին անգամ և ե՞րբ եք մտադիր նորից այցելել Հայրենիք։

Ռ․Ա․ - Ես շատ եմ ուզում ամեն տարի գալ իմ Հայրիկի երկիրը, միշտ լավ եմ զգում իմ ժողովրդի հետ։ Երբ եկա առաջին անգամ Երևան, ես ֆրանսուհի է, երբ հասկացա, որ մենք էլ երկիր ունենք, շատ փոխվեցի, հուսով եմ՝ այս տարի էլ առիթ կունենամ ետ գալու, անհամբեր սպասում եմ այդ օրվան։

Արա Ալոյան
«news.5tv.am»