Լրահոս
Հայաստան
11:00
03.03.22
228

ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն մեր բարեկամներն են, բայց Բաքվի հետ պիտի խաղաղ ապրենք․ Փաշինյանի արտաքին դոկտրինը

Img default alt hy

Երեկ՝ մարտի 2-ի երեկոյան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, ի թիվս այլոց, անդրադարձել է նաև արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի։ Նրա խոսքով, Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսություն է սկսել և ՀՀ իշխանությունը համոզված է, որ այն բնականոն կերպով կշարունակվի:

Ուկրաինայում տիրող իրադրության մասով էլ՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ դիվանագիտությունը կլռեցնի թնդանոթները։

Նա նշել է նաև, որ հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը:

«Այս համատեքստում մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա»,– ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է:

«Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ»,–նշել է ՀՀ վարչապետը: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով: