Լրահոս
Հայաստան
13:10
04.03.21
87

Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գլխավորել ընդդիմությունը

Img default alt hy

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի նախատեսում առաջիկայում ղեկավարել ընդդիմադիր շարժումը: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր ընդդիմությունը մշակել է մի ձևաչափ, որն անիմաստ է փոխել: Այն կարողացել է իր շուրջ համախմբել մեր հասարակության զգալի մասը: Ես սատարել եմ այս ձևաչափին»,-ասել է Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ այս պահին չի նախատեսում ղեկավարել որևէ կուսակցություն, բայց նաև չի բացառում դա:

Ինչպես հաղորդում է armeniasputnik.am-ը, Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։

Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։

Այդ առումով, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այսքան լուրջ պատասխանատվություն։

Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա պատասխանել է մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսին մասնակցել են դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, ՆՏՎ-ն, ՌԵՆ ԹիՎին, ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են Russia Today-ը, «Սպուտնիկը», ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԻԱ «Նովոստին»։