Լրահոս
Հայաստան
13:26
22.03.22
307

ՔՊ-ն դեմ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դառնա

Img default alt hy

ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանն ու Աղվան Վարդանյանը «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթ են ներկայացրել, որով առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը:

ՔՊ-ն դեմ է նախագծին։ Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, թե նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:

Բացասական եզրակացության հիմքում, պատգամավորի խոսքով, հիմնական մոտեցումը եղել է այն, որ ներկայիս քրեաիրավական գործիքակազմով ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշտպանված է, պաշտպանված է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությունից:

«Այն խնդիրը, որը հնչեցվում է Արամ Վարդանյանի կողմից, մեր քրեական օրենսգրքով լուծված է, փոխարենը, այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում. իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որևէ քննության չի կարող դիմանալ», - ասել է Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ թշնամի երկրի զառանցանքների ցանկացած արտատպում ինքնին կարող է համարվել քարոզչություն:

«Այսինքն, եթե մեր լրատվամիջոցները ՀՀ քաղաքացիներին ցանկանան տեղեկացնել, թե թշնամի երկրից ինչ զառանցանք է հնչում, իրենք հայտնվում են քրեորեն պատժելի արարք կատարողի դերում», - ասել է Վահագն Հովակիմյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել ընդդիմադիրների նախագծին: