Լրահոս
Քաղաքական
10:45
24.01.23
167

ՔՊ մի թևն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեև հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին:

Հասարակությունը ողբերգական միջադեպի առաջին պատասխանատու համարում է Պապիկյանին և պահանջում նախարարի հրաժարականը: Հասարակության զայրույթը թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ Պապիկյանը դեպքից միայն 2-3 օր անց գնաց Գեղարքունիք՝ իրավիճակին ծանոթանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ մի թևն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից ու փորձում են հարցուփորձով հասկանալ՝ ով է կանգնած Պապիկյանի հրաժարականի թիկունքում, այսինքն՝ ում համար է ազատվում ՊՆ նախարարի աթոռը:

Նկատենք, որ ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակցին արդարացնելու և հանրային զայրույթը պարպելու համար: Միջադեպի հաջորդ օրը՝ առավոտյան, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Պապիկյանի պահանջին, հայտարարեց, որ այդ հարցը տեղին չէ, չպետք է նախարարին «քավության նոխազ դարձնենք»: Արփի Դավոյանն էլ հրապարակում է Պապիկյանի լուսանկարը և ստատուս ձոնում նրան՝ ասելով, թե Պապիկյանի իրականացրած բարեփոխումների արդյունքում նման ցավալի դեպքեր չեն կրկնվի բանակում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում փորձեց ապահովագրել Պապիկյանին՝ ասելով, թե նա որևէ կերպ չի կարող այս ամենի հետ կապ ունենալ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին դեռևս Սուրեն Պապիկյանին փոխարինող անձ չեն գտնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։