Լրահոս
Հասարակական
12:41
16.10.25
301

Քանի դեռ հոգևորականներն ու հավատացյալները չեն ընդվզել, Նիկոլը հաջողություն է արձանագրում և արձանագրելու է. Տեր Սեբեոս

Img default alt hy

« Ես հիմա շատ լարված ու նեղված վիճակում եմ, ինչպես բոլոր հոգևորականները, որովհետև, ցավոք սրտի, մի մորթապաշտ հոգևորականի հարցազրույցի արդյունքում ևս մեկ թեմակալ առաջնորդ ձերբակալվել է: Զուտ որպես հոգևորական մեծ ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ Հայաստանում կարող է նման բան տեղի ունենալ»,- «5-րդ ալիք»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանավորմանը, ասաց  Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը:  

«Գիտեք՝ երբ Մկրտիչ սրբազանի մասին խոսում ենք, ես մի դրվագ եմ հիշում, որը ստիպված պիտի ասեմ. երբ, Վեհափառի կոչին հետևելով, 44-օրյա պատերազմի ընթացքին հոգևորականները Արցախ մեկնեցին, ստացվեց այնպես, որ Արցախում հանդիպեցինք Մկրտիչ սրբազանին, Սրբազանի մեքենայի մեջ շատ զրահաբաճկոններ էին լցված, որը նա միայնակ, իր մեքենայի ղեկին նստած, տարել էր ու բաժանում էր, և այդ զրահաբաճկոններից մեկը ես եմ ինձ վրա կրել Արցախում եղած ողջ ընթացքում, և հիմա այդ մարդը ինչ-որ մտացածին, ընտրությունների վրա ազդելու ենթադրյալ գործողություններով, մի ամբողջ օր իր գտնվելու վայրը անհայտ լինելուց հետո, ՄԻՊ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերված, կալանքի է տարվում և 2 ամսով կալանավորվում է»,- ասաց Տեր Սեբեոսը՝ հավելելով.

«Ես միայն մի բան կասեմ. երբ Բագրատ սրբազանին ձերբակալեցին և Տավուշի ողջ թեմը իր հոգևորականներով և իր հավատացյալ ժողովրդով չընդվզեց, երբ Միքայել սրբազանին կալանավորեցին, ավելին՝ դատապարտեցին 2 տարի ազատազրկման, և ողջ Շիրակի թեմը իր ողջ հոգևորականներով ու հավատացյալներով չընդվզեց, երբ այսօր Մկրտիչ սրբազանին են 2 ամսով կալանավորում, և գոնե Արագածոտնի թեմի ողջ հոգևորականներն ու հավատացյալները չեն ընդվզում, նշանակում է Նիկոլը հաջողություն է արձանագրում և արձանագրելու է : Ժողովուրդը պետք է դուրս գա, և այսօրվա թշնամական կառավարությանը պետք է հասկացնի, որ ինքը համաձայն չէ այս իրողության հետ»,- ասաց Տեր Սեբեոսը: