Լրահոս
Իրավական
15:34
21.10.25
1 073

Փաստաբանների պալատի նախագահը դատապարտում է Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ գործողությունները

Img default alt hy

Երեկ տեղեկություն ստացանք փաստաբանի նկատմամբ իրականացրած հերթական ոչ իրավաչափ գործողության մասին: Համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ: Այս մասին իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է․ «Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար: Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

Պետք է արձանագրել, որ վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է: Իրավապահ մարմիններից պահանջում եմ դադարեցնել նման գործելաոճը: Միաժամանակ, սույնով հրավիրում եմ պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ»։