Լրահոս
Քաղաքական
15:45
19.08.25
192

Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:  Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: 

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. 

«Մեծարգո պարոն նախագահ, 

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»: 

Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է. 

«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։ 

Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։ 

Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:  Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: