Լրահոս
Քաղաքական
14:00
10.01.25
509

Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

2006 թվականին եղել եմ խորհրդարանի պատգամավոր, այդ ժամանակ կառավարությունը փորձում էր փոխել օրհներգը, երկար քաղաքական պայքար եղավ խորհրդարանում, «Դաշնակցություն» խմբակցությունով հաջողեցինք տապալել կառավարության այդ նախաձեռնությունը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ ասելով.

«Պարո՛ն Գաբրիելյան, ասում եք, որ ՀՀ կառավարության որոշմամբ օրհներգն օրենքով նախատեսված այլ դեպքերում կարող է օգտագործվել նաև կրճատ տարբերակով։ Մարզական խաղերի, պարգևատրման արարողությունների դեպքում լրիվ հասկանալի է, բայց հիմա որտե՞ղ է երաշխավորությունը, որ կառավարությունը գրեթե բոլոր արարողակարգերի համար չի հաստատի մեկ քառատողով օրհներգի կատարում։ Այսինքն, լայն հնարավորություն եք տալիս կառավարությանը, որ ուղղակի աչքաչափով, մենակ խորհրդարանի նստաշրջանի բացմանն ամբողջությամբ կատարվի, մնացած բոլորում չկատարվի»։

Մանուկյանը նաև հետաքրքրվեց՝ եթե այս օրենքն ընդունվեց, խորհրդարանի դահլիճում մի քանի օրից  պետք է կատարվի «Մեր հայրենիքը», ինքն էլ որպես Գեղամ Մանուկյան, ասենք՝ որոշում է քառատողերի հերթականությունը փոխել, այսինքն՝ օրենքը խախտել, դրա համար կա՞ նախատեսված պատասխանատվություն ։

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ ինչքանով տեղյակ է՝ կա պատասխանատվություն. «Բոլոր տեղերում, որ գնացել ենք, այս գրված նոտաները խախտվել են, ամեն ինչն էլ խախտվել է և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ենթադրում եմ, որ վարչական պատասխանատվություն կլինի»։