Լրահոս
Տարածաշրջան
12:09
27.02.22
267

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել

Img default alt hy

Թուրքիան ունի իր հաշվարկները, նա միայն չի հետևում իր ավագ դաշնակից ԱՄՆ–ի ցուցումներին, այլև փորձում է իր խաղը խաղալ, հետևաբար Թուրքիան կձգտի օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում, խոսելով ռուս-ուկրաինական լարման ֆոնին Թուրքիայի դիրքորոշման մասին, ասել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա դիտարկմամբ` Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքեց դաշնակցային փոխգործակցության հռչակագիր և դրանով իսկ փորձեց սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչն իրոք զգալիորեն թուլացնում է Անկարայի դիրքերը մեր տարածաշրջանում։

«Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին շահած դուրս գա` ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը։ Քանի որ իր նախաձեռնությամբ և օգնությամբ դաշնակից Ադրբեջանը հասել էր հաղթանակի, հետևաբար փորձում է Ադրբեջանի հաղթանակը վերածել իր աշխարհաքաղաքական առավելության։ Սակայն դրան հետևեց Ռուսաստանի հակադարձ քայլը և Ադրբեջանի հետ վերոհիշյալ հռչակագրի կնքումը»,- ասել է թուրքագետը։

Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան ուկրաինական դեպքերի առթիվ կոշտացնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ` փորձելու է մեր տարածաշրջանում որոշակի նոր իրավիճակ ստեղծել և խոչընդոտել Ռուսաստանի հակադարձող գործողություններին։

Այդ գործում Թուրքիան Ադրբեջանին կօգտագործի որպես գործիք, ինչպես շատ է պատահել նախկինում, այսինքն` անմիջական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անցնի սադրանքների ավելի ակտիվ փուլի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ։

Ակադեմիկոսի կարծիքով` Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը, որը մասամբ խարխլվել էր Շուշիի ադրբեջանա-թուրքական հռչակագրի ստորագրումից հետո, ինչն էլ բնականաբար ցավագին է ընդունվում Թուրքիայի կողմից։