Լրահոս
Աշխարհ
15:29
27.12.22
96

Օմանի խորհրդարանը կողմ է քվեարկել Իսրայելի դեմ բոյկոտի ընդլայնմանը

Img default alt hy

Օմանի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 26-ին քվեարկել է Իսրայելի բոյկոտի մասին օրենքի ընդլայնման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Խորհրդակցական ժողովը (Մեջլիս աշ-Շուրա) քվեարկել Է Իսրայելի բոյկոտի մասին օրենքի առաջին կետում լրացումներ կատարելու օգտին, որոնք ենթադրում են սպորտային, մշակութային կամ տնտեսական բոլոր շփումների արգելք: Փոփոխությունն արգելում է իսրայելցիների հետ անձամբ կամ առցանց փոխգործակցությունը:

Խորհրդարանի փոխխոսնակ Յակուբ ալ-Հարիթին WAF նորությունների գործակալությանը հայտնել է, որ օրենքի փոփոխությունը «կուժեղացնի Իսրայելի քրեականացումը և բոյկոտը»: Փոփոխությունն այժմ կներկայացվի Մեջլիսի օրենսդիր հանձնաժողովի քննարկմանը՝ մինչև վերջնական քվեարկությունը։

Ըստ օրերս իսրայելական ԶԼՄ-ներում տարածված կարծիքների՝ բոյկոտի մասին քննարկումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ Իսրայելը ձգտում Է հասնել նրան, որ Օմանն իր երկրի օդային տարածքով թույլատրի իրականացնել քաղաքացիական թռիչքներ:

Այս տարվա սկզբին Սաուդյան Արաբիան, որը նույնպես կապեր չունի Իսրայելի հետ, այս երկրին թույլ Է տվել օգտագործել իր օդային տարածքը, սակայն Օմանը դրան դեմ է հանդես եկել, ինչը նշանակում է, որ Իսրայելից դեպի Ասիա թռիչքներն ավելի երկար են տևում:

Օմանը և Իսրայելը չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ: Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բին Համադ ալ-Բուսայիդին անցյալ տարի հայտարարել էր, որ Օմանը կփոխի իր քաղաքականությունը միայն այն բանից հետո, երբ կլուծվի իսրայելապաղեստինյան հակամարտությունը՝ երկու պետությունների գոյակցության հիման վրա: