Լրահոս
Հասարակական
20:40
21.01.23
338

Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի նոր խաչը

Img default alt hy

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի հետ այսօր ներկա է գտնվել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչի օծման արարողությանը։

Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է վանքի գմբեթին։

Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին, երբ Թուրքիան արդեն հասցրել էր փակել Հայաստանի հետ սահմանը։

Ըստ արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը՝ 980-985 թթ։